ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանի Հանրապետությունում գործող անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը[1]։ Ձևավորվել է 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում։ Սահմանադրության 7-րդ գլխով Բարձրագույն դատական խորհրդին տրվել են մի շարք կարևոր լիազորություններ, որոնք մեծ ազդեցություն են ունենում ՀՀ դատական համակարգի ձևավորման և դատավորների լիազորությունների դադարեցման վրա։ ԲԴԽ-ն միջնորդավորված կերպով իրականացնում է հասարակության վերահսկողությունը դատավորների գործունեության վրա։

Բարձրագույն դատական խորհրդի տարբերանշան

Այն կազմված է 10 անդամներից, որից 5-ը ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ 5-ը՝ ԱԺ-ի կողմից։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներ կարող են հանդիսանալ միայն դատավորներ, իսկ ԱԺ-ի կողմից ընտրվածները՝ իրավաբան գիտնականներ և այլ հեղինակավոր իրավաբաններ։ Նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի։ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից[2]։

Բարձրագույն դատական խորհուրդը իր գործառույթներն իրականացնելու համար ունի աշխատակազմ՝ ի դեմս Դատական դեպարտամենտի։ Այն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը։ Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ[3]։

Պատմություն

խմբագրել

ՀՀ դատական համակարգում դատական իշխանության երաշխավորման խնդիրը մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները դրված էին Արդարադատության խորհրդի վրա, որի իրավական հիմքերը սահմանված էին ՀՀ Սահմանադրության թե 1995 թվականի, թե 2005 թվականի տեքստերով։ Այնուամենայնիվ, դատական համակարգի անկախությունն ապահովող այս մարմնի գործունեության ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ՝ կապված հենց իր ներքին անկախության հետ։ Ուստի՝ 2015 թվականի սահմանդրական բարեփոխումների շրջանակներում Արդարադատության խորհուրդը վերացվել է, և որպես նրա իրավահաջորդ ձևավորվել է Բարձրագույն դատական խորհուրդը[4]։ Բարձրագույն դատական խորհրդին է նվիրված ՀՀ Սահմանադրության 173-175-րդ հոդվածները, Դատական օրենսգրքի 3-րդ բաժինը և այլ իրավական ակտերում ամրագրված նորմեր։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվել է հանրաքվեի։ Քվեարկության մասնակցած 1 մլն 302 հազար քաղաքացիներից 825 հազարը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախգծին[5], ինչի արդյունքում հիմք դրվեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ձևավորմանը։

Կառուցվածք

խմբագրել

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է ինչպես բուն խորհրդից, այնպես էլ Դատական դեպարտամենտից, որն իր հերթին բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից։

Խորհրդի կազմ

խմբագրել

Խորհուրդը կազմված է 10 անդամից, որից 5-ը ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ մյուս 5-ը՝ Ազգային ժողովի կողմից։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները հանդիսանում են դատավորներ, որոնք ընտրվում են հետևյալ համամասնությամբ՝ վճռաբեկ դատարանից՝ 1 անդամ, վերաքննիչ դատարաններից՝ 1 անդամ, իսկ առաջին ատյանի դատարաններից՝ 3 անդամ։ Ընտրված դատավորների կազմում պետք է լինեն բոլոր մասնագիտացումների դատավորներ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված դատավորները շարունակում են պաշտոնավարել նաև որպես դատավոր, սակայն հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունը ԲԴԽ-ում՝ նվազեցվում է նրանց բաշխվող գործերի 95%-ը։ ԱԺ-ի կողմից ԲԴԽ-ի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ հեղինակավոր իրավաբանն, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ընտրելու իրավունք, մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ և օժտված է բարձր մասնագիտական որակներով։

Պաշտոնավարման ժամկետը 5 տարի է՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Ընտրվելուց հետո անդամները հանդիսավոր կերպով երդում են տալիս՝ ԱԺ-ի կողմից ընտրված անդամները՝ ԱԺ-ում, իսկ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովում։ ԲԴԽ անդամի վարձատրությունը չի կարող ավելի քիչ լինել, քան Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունը։ Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ։ Նա պետք է հաջորդաբար լինի Դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից։ Նախագահն ընտրվում է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Ներկայիս կազմ

խմբագրել
 
Կարեն Անդրեասյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Նախագահ՝

Անդամներ`

  • Արթուր Աթաբեկյան
  • Հայկ Գրիգորյան
  • Արմեն Դանիելյան
  • Կարեն Թումանյան
  • Երանուհի Թումանյանց
  • Մերի Համբարձումյան
  • Էդգար Հովհաննիսյան
  • Քրիստինե Մկոյան
  • թափուր

Դատական դեպարտամենտ

խմբագրել

Խորհուրդը ձևավորում է իր աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը։ Դատական դեպարտամենտը բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից։ Դեպարտամենտի կառուցվածքը սահմանվում է ԲԴԽ-ի կողմից։ Վերջինիս նախագահի կողմից է սահմանվում նաև Դատական դեպարտամենտի հաստիքացուցակը։

Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը ունի մի շարք լիազորություններ․ այն նախապատրաստում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը, կազմում և վարում է դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց անձնական գործերը, ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի բնականոն ընթացքը, վարում է Դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը, ապահովում է Դատական դեպարտամենտի ներքին աուդիտի աշխատանքները, կազմակերպում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում մրցութային կարգով համալրման գործընթացը և մի շարք այլ լիազորություններ, որոնք ամբողջությամբ սահմանված են «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքով[6]։

Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործառույթները ևս սահմանված են նույն օրենքով, ըստ որի՝ այն նախապատրաստում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին է ուղարկում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը և իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ[6]։

Լիազորություններ

խմբագրել

Բարձրագույն դատական խորհուրդը ունի մի շարք կարևորագույն լիազորություններ, որոնց իջոցով այն ապահովում է դատական համակարգի անկախությունը։ Այդ գործառույթի համար կարևոր նշանակություն ունեն դատավորների նշանակման և լիազորությունների դադարման հարցում իշխանության մյուս ճյուղերից անկախությունը, դատավորների միայն անկախ մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառույթի իրականացումը և այլն։ Ուստի Բարձրագույն դատական խորհուրդին վերապահվեցին այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են դատավորների թեկնածուների ցուցակների կազմումը և հաստատումը, նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, լուծում է դատավորների գործուղումների հետ կապված հարցերը, դատավորներին անհրաժեշտության դեպքում ենթարկում է կարգապահական պատասխանատվության և այլն (լիազորությունների ամբողջական ցանկը՝ ստորև)։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ Սահմանադրություն, հոդված 173». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, arlis.am. 2015.
  2. ««ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք, գլուխ 14». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, arlis.am.
  3. «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ». ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայք, court.am.
  4. Ղազինյան Գագիկ, Դիլբանդյան Սամվել, Սուջյան Տաթևիկ, Ավետիսյան Դավիթ, Թաթոյան Արման, Հովհաննիսյան Արմեն, Ղուկասյան Հրայր, Մարաբյան Սերգեյ, Մելքոնյան Դավիթ, Հարությունյան Արմեն (2019). «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը». Երևանի պետական համալսարան. էջեր գլուխ 4-րդ, 1-ին պարագրաֆ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվե». ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  6. 6,0 6,1 «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ». arlis.am. Վերցված է 07/07/2024-ին.