ՀԽՍՀ պետական բանկի կողոպուտ

ՀԽՍՀ պետբանկի կողոպուտ, ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամենախոշոր և եզակի դեպքը, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին՝ եղբայրներ Նիկոլայ (ծնված 1951 թվականի փետրվարի 27-ին) և Ֆելիքս Կալաչյանների կողմից[1]։ Կողոպուտի ժամանակ նրանք գողացել էին շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի (դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն ամերիկյան դոլար)։ Կալաչյան եղբայրները ձերբակալվելուց հետո, դատապարտվել են գնդակահարության[2]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ Կալաչյանը ծնվել է ՌԽՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Ռիբինսկի շրջանի Բորոդինո գյուղում։ Նրա հայրը հիվանդ է եղել քաղցկեղով, այդ իսկ պատճառով ընտանիքի ողջ եկամուտը ուղղվել է դեղորայքի գնմանը։ Չորրորդ դասարանում Նիկոլայը փախել է տնից դեպի գնչուական ճամբար, այնուհետ զբաղվել թմրավաճառությամբ և աշխատել որպես աղբահավաք։ Նա ունեցել է միայն տարրական կրթություն և խառատի մասնագիտացում։ Առաջին կողոպուտի ժամանակ Նիկոլայը ընկերների հետ թալանել է խնայդրամարկղը, որի համար անցք էին բացել պատի մեջ։ Գործը չբացահայտվեց, իսկ կողոպտիչները կարողացան գումարը ծախսել ըստ անհրաժեշտության։

Ֆելիքս Կալաչյանը ծնվել է ՀԽՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ ամուսնացել է Մարուշի հետ։ Զույգն ունեցել է երկու երեխա։ Ընտանիքն ապրել է աղքատության պայմաններում։ Եղել է ամրակազմ և ճկուն տղամարդ։ Ունեցել է նաև սպորտի վարպետի կոչում։ Ավելի ուշ, Նիկոլայը Ֆելիքսին համոզել է թալանել աուդիոտեխնիկայի խանութը, որտեղ նրանք վնասել էին պատը և գողացել մագնիտոֆոնները։ Գողության համար, որքան էլ տարօրինակ է, ոչ ոք չէր դիմել ոստիկանություն։ Նիկոլայի կարծիքով, մագնիտոֆոնները անօրինական են եղել։ Մագնիտոֆոնները եղբայրները վաճառել են 15000 ռուբլիով, որի մի մասը Ֆելիքսը ուղարկել է իր ընտանիքին, իսկ գումարի մնացած մասը եղբայրները ծախսել են Մոսկվայում՝ իրենց հաճույքները բավարարելու համար։

Երբ Նիկոլայը որոշել է թալանել պետբանկի Երևանի մասնաճյուղը, հանցակիցը և խորհրդատուն եղել է նրա ընկեր Զավեն Բաղդասարյանը, ով մի քանի անգամ հանձնաժողովի կազմում եղել էր բանկի պահոցում՝ հաշվելու այնտեղ եղած թղթադրամները։ Կողոպուտի ծրագիրը մշակվել է շուրջ 5 ամիս։ Կողոպուտի նշանակված օրվանից մեկ շաբաթ առաջ, Նիկոլայը ավտովթարի է ենթարկվել և օպերացիան ղեկավարել է արդեն հիվանդանոցից։

Կողոպուտ խմբագրել

1977 թվականի օգոստոսի 5-ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։ Այսօր ՀՀ կենտրոնական բանկը ամբողջությամբ առանձնացված է մոտակա շինություններից։ Նա փորձել է քանդել պատի մի հատվածը, սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք և նկատել, որ պահոցից մի հարկ վերև գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։ Հետագայում պարզվել է, որ բանկի տնտեսվարը մոռացել է փակել այն։ Սկզբում նա փորձել է այնտեղ շպրտել պարան, սակայն չի ստացվել, և Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Այնուհետև, հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք՝ անձրևանոցի օգնությամբ ներթափանցել է այնտեղ՝ հանելով փողով լի երկու պարկ։ Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի սցենարը։

Կողոպուտից անմիջապես հետո, եղբայրները մեկնել են Մոսկվա, որտեղ Նիկոլայը ծանոթացել է Լյուդմիլա Աքսյոնովայի հետ։ Լյուդմիլայի եղբայրը Վլադիրմիր Կուզնեցովը եղել է տաքսու վարորդ, ով համաձայնվել է դառնալ եղբայրների «հանցակիցը»։ Վլադիմիրը, ում, իբր թե, պետք է տրվեր գողոնի 3 %-ը, կարծում էր, որ Նիկոլայը ցանկանում է ամուսնանալ իր քրոջ հետ և ոչինչ չգիտեր ապագա փեսայի մութ անցյալի մասին։ Սակայն խնայդրամարկղերից մեկում Վլադիմիրին սկսեցին կասկածել, երբ նա 100 ռուբլիանոց թղթադրամների տրցակը փորձում էր փոխանակել։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի, որից Կալաչյան եղբայրները, մինչև ձերբակալությունը, հասցրել էին ծախսել մոտ 100 000 ռուբլի։ 1978 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վլադիմիր Կուզնեցովը և Կալաչյան եղբայրները ձերբակալվել են։

1979 թվականին եղբայրները դատապարտվեցին գնդակահարության, իսկ Զավեն Բաղդասարյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը բավարարեց Կալաչյան եղբայրների ներման խնդրագիրը, սակայն, վերջիններս, Երևան ժամանել չկարողացան, քանի որ դատավճիռը մի քանի օրվա ընթացքում ի կատար ածվեց։ Նիկոլայի մայրը մահացավ հետաքննության ժամանակ, իսկ Ֆելիքսի ընտանիքի գույքը բռնագրավվեց։

Ֆիլմեր խմբագրել

  • «Հետաքննությունը վարում են…» հեռուստաշարի ֆիլմերից մեկը
  • «Խորհրդային հետախուզության լեգենդները» հեռուստաշարի ֆիլմերից մեկը՝ «Ինչպես գողանալ միլիոն»։
  • «Սարդ» հեռուստասերիալի սերիաներից մեկը նվիրված է եղել Կալաչյան եղբայրների պատմությանը։

Գրականություն խմբագրել

  • Ф. И. Раззаков Бандиты семидесятых. 1970-1979.
  • Ф. И. Раззаков Бандиты эпохи социализма.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крупнейшее ограбление в СССР». art-on.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. «Самое крупное ограбление банка в СССР. «Ограбление века» (док. фильм) | STENA.ee». www.stena.ee (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել