Կրկեսային խաղեր ժողովրդական, կրկեսային ներկայացումների, տոնակատարությունների և այլ առիթներով կատարվող թատերական, սպորտային և կենդանակռիվ խաղեր։ Անցյալում կրել են հիմնականում ժողովրդական ներկայացումների բնույթ։ Զանազան տեսակի կրկեսային խաղերը տարածված են եղել աշխարհի մի շարք ժողովուրդների մեջ։

Կրկեսային ներկայացման աֆիշ (1900թ․)

Պետական կրկեսի բացակայության պատճառով Հայաստանում դրանք կատարել են առանձին շրջիկ անձինք (լարախաղաց, ձեռնածու, ծաղրածու, ըմբիշ և այլն)։ Հայ պատմագրության մեջ հնագույն կրկեսային խաղերի վերաբերյալ պահպանվել են սակավաթիվ տեղեկություններ. Եզնիկ Կողբացին (5-րդ դար) հաղորդում է վարժեցված կենդանիների (կապիկ, արջ) միջոցով ներկայացումների, իսկ Դավիթ Անհաղթը (5-րդ դարի վերջ-6-րդ դարի սկիզբ)՝ լարի վրա կանգնած խրտվիլակը թելերի օգնությամբ շարժման մեջ դնելու մասին։ Հայաստանում տարածված են եղել ժողովրդական կրկեսային խաղերի մի շարք տեսակներ, որոնցից են ձեռնասուն կենդանիների (արջ, կապիկ, օձ և այլն) մասնակցությամբ ներկայացումները, կենդանիներին (գոմեշներ, ցուլեր, խոզեր, ներիներ, շներ և այլն), թռչուններին (աքաղաղներ, աղավնիներ), միջատներին իրար հետ կռվեցնելը, կենդանիների հետ մարդկանց մենամարտը (վերջինս առանձնապես հատուկ էր հռոմեական, բյուգանդական կրկեսներին), կառարշավները, լարախաղացության զանազան ձևերը և այլն։ Կենդանիներին կռվեցնելու սովորությունը հաճախ հովանավորում և կազմակերպում էին եկեղեցականները (գոմշակռիվը Էջմիածնում և այլն)։ Նման դեպքերում հարուստ անձինք նվիրատվություններ էին կատարում եկեղեցուն։ Այդպիսի խաղերը, իբր, խորհրդանշում էին հաղթող կենդանու տիրոջ գերազանցությունը պարտվողի տիրոջ հանդեպ։ ժողովրդական կրկեսային խաղերի մի շարք տարրեր (լարախաղացություն, աճպարարություն և այլն) օգտագործվում են ժամանակակից կրկեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 694