Կրակի տարի
Կրակի տարի, Նախճավանում և Խրամում տեղի ունեցած հայերի ողջակիզումը։ Կրակի տարի Է համարվում 705 թվականը, երբ արաբ նվաճողներն ապստամբ հայերի հաղթանակի համար վրեժխնդիր լինելու նպատակով խաբեությամբ հավաքել և Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում այրել են հարյուրավոր հայ իշխանների։
Նախապատմություն
խմբագրելՀայերը ապստամբություն են բարձրացնում և դիմում Բյուզանդիայի օգնությանը։ 702 թվականին նրանք բանակում են Վարդանակերտ ավանում։ Արաբական զորքի վրա հարձակումը սկսվում է ձմռանը։ Ցրտի հետևանքով արաբական զորքը կորցրել էր մարտունակությունը և երբ փորձում է սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, սառույցը կոտրվում է, իսկ արաբները խեղդամահ են լինում։ Փրկվում են միայն 300 հոգի, որոնք Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ խնամվում և բուժվում են[1]։
Կրակի տարի
խմբագրելԱբդ-էլ-Մելիքին հաջորդում է որդին՝ Վլիթը, որը սկսում է իր նախկին վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Վարդանակերտի պարտությունը չէր մոռացվում և Մուհամմեդ բեն-Օքբայը միշտ կասկածանքով էր վերաբերվում նախարարներին։ Վլիթը նրան լիազորություն է տալիս նախարարական ամբողջ դասակարգը վերացնելու համար, քանի որ նա մշտապես արգելքներ ու դժվարություններ էր հարուցում արաբական իշխանության դեմ։
Հուստինիանոս Բ-ն, որն այնքան բացասական դեր է ունեցել Բյուզանդիայի և Հայաստանի ճակատագրի վրա, 705 թվականին կրկին տիրանում է գահին, և Հայաստանը նորից կռվախնձոր է դառնում Բյուզանդիայի և Արաբիայի միջև։ Կայսրը մեծ բանակ է ուղարկում Հայաստանը գրավելու համար։ Սմբատ սպարապետը, որ ապրում էր Տայոց աշխարհում, միանում է կայսերական բանակին և միասին արշավում Մուհամմեդի դեմ։ Վանանդ գավառի Դրաշպետ գյուղում տեղի է ունենում մեծ ճակատամարտ, որտեղ բյուզանդացիները պարտություն են կրում՝ կորցնելով գրեթե 50 հազար մարդ։ Սմբատը իր ընկեր նախարարներով հեռանում է հայրենիքից՝ կայսրից խնդրելով մեկ ուրիշ բնակավայր իրենց համար։ Կայսրը, չմերժելով նրանց, տալիս է Եգերիայի (այժմ՝ Մինգրելիա) Փոյթ քաղաքը։
Մուհամմեդը շտապում է կատարել Վլիթ խալիֆի հրահանգը։ Կազմելով ծրագիր՝ այն հանձնում է Նախճավան քաղաքի իր տեղապահ՝ Կաշմին, որն էլ իր հերթին հրավեր է ուղարկում բոլոր նախարարական տոհմերին, որ ընտանիքներով և ձիավոր զորականներով ներկայանան Նախճավան՝ թոշակ ստանալու նպատակով, որովհետև այն կարգադրել է խալիֆը։ Նախարարներց շատերը իրենց պարզամտությամբ հավատալով այդ խաբեությանը՝ գնում են Նախճավան։ Հավաքվել էր խոշոր բազմություն, որ հարկավոր եղավ մի մասին ուղարկել մերձակա Խրամ ավանը։ Այնուհետև և՛ Նախճավանում, և՛ Խրամում բոլորին կալանավորեցին և փակեցին տեղական եկեղեցիներում։ Այս եկեղեցիներում դռներն ու պատուհանները ոչ միայն ամուր փակել էին, այլ նաև հյուսել աղյուսով։ Կաշմը հրամայում է այրել եկեղեցիների փայտե ծածկերը։ 705 թվականին երկու եկեղեցիների մեջ ոչնչանում են հայ ազատներն ու նախարարները։ Կաշմը բոցերի մեջ այրվող մարդկանց բազմությունը ցույց տալով իշխաններին՝ պահանջում է փրկագին։ Նա առաջարկում է իրենց հանձնել բոլոր գանձերը, որպեսզի նրանք չհրկիզվեն, սակայն այս առաջարկը չի կատարվում։ Վարդանակերտի վրեժը լուծված էր սարսափելի անգթությամբ։ Արաբները գոհ էին այդ վրեժից։ Այս է պատճառը, որ 705 թվականը կոչեցին «Կրակի տարի» անունով։
Սակայն որքան էլ մեծ լիներ հայ նախարարության հասցված վնասը, Նախճավանի և Խրամի դեպքերը լիովին չիրագործեցին Մուհամմեդի ծրագիրը, քանի որ հայ նախարարությունը թուլանում էր միայն ժամանակավորապես։ Մուհամմեդի գործողությունները այնքան սաստիկ բողոք է բարձրացնում հայոց աշխարհում, որ Վլիթ ամիրապետը, թեև ինքն էր հրահանգել նախարարական տոհմերի ոչնչացումը, ետ է կանչում իր ոստիկանին և նրա փոխարեն նշանակում է Աբդուլ-Ազիզին, որը հայոց աշխարհ բերեց խաղաղության, հաշտության և շինարարության քաղաքականություն։ Նրա առաջին գործը եղավ թղթեր գրել Փոթիում ապաստանված նախարարներին և համոզել, որ յուրաքանչյուրը վերադառնա իր կալվածը՝ երաշխավորելով, որ նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնա։ Նախարարները հավատացին Աբդուլ-Ազիզին և վերադարձան։ Աբդուլ-Ազիզի ամենագլխավոր բարեփոխումներից մեկը եղավ Դվինի պարիսպների նորոգումը, դրանց շուրջ խրամատ շինելը և ջուր լցնելը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 141–144.
Աղբյուրներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 672)։ |