Կուանգ Ապայվոնգ[1] (թաի.՝ ควง อภัย วงศ์, մայիսի 17, 1902(1902-05-17), Բաթամբանգ (քաղաք), Կամբոջա - մարտի 15, 1968(1968-03-15), Բանգկոկ, Թաիլանդ), Թաիլանդի ռազմական և պետական գործիչ, երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (1944-1945, 1946 և 1947-1948)։

Կուանգ Ապայվոնգ
 
Կուսակցություն՝ Democrat Party?
Կրթություն՝ Լիոնի համալսարան և Debsirin school?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, նախարար և ճարտարագետ
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր մայիսի 17, 1902(1902-05-17)
Ծննդավայր Բաթամբանգ (քաղաք), Կամբոջա
Վախճանի օր մարտի 15, 1968(1968-03-15) (65 տարեկան)
Վախճանի վայր Բանգկոկ, Թաիլանդ
Քաղաքացիություն  Թաիլանդ
Հայր Chao Phraya Aphaiphubet (Chhum Abhaiwongse)?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Չուլա Չոմ Կլաոյի շքանշան Սպիտակ փղի շքանշան և Թաիլանդի թագի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաթամբանգում (ներկայում՝ Կամբոջայի տարածք), եղել է նահանգապետի որդի։ Ապայվոնգի տոհմը ունեցել քմերական ծագում[2]։ Կուանգը Բանգկոկում սովորել է կաթոլիկ քոլեջում, որից հետո մեկնել է Ֆրանսիա, որտեղ սովորել է Լիոնում՝ École Centrale-ում՝ ստանալով ինժեների մասնագիտություն։ Վերադառնալով Թաիլանդ՝ աշխատել է հեռագրային ընկերությունում, որտեղ հետագայում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Նա ամուսնացել է Լեկհա Կունադիլոկի՝ Tilleke & Gibbins իրավաբանական ընկերության հիմնադրի դստեր հետ[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուանգ Ապայվոնգին շնորհվել է մայորի կոչում, և նա ծառայել է Ռամա VII թագավորի անձնական թիկնապահների շարքում։ Արժանացել է «Լուանգի» տիտղոս (տիտղոսների եվրոպական համակարգում վիկոնտի համարժեք) և Կովիտ Ապայվոնգ անվան։ Եղել է տրանսպորտի ու առևտրի նախարար Պհահոն Պհայուհասենի կառավարությունում և Պիբունսոնգրամի առաջին կաբինետում։ Պիբունսոնգրամի հրաժարականից հետո նշանակվել է վարչապետ 1944 թվականի օգոստոսի 1-ին, սակայն 1945 թվականի օգոստոսի 17-ին ստիպված է եղել հրաժարական տալ՝ նոր վարչակազմի համար տեղ ազատելու համար։

1945 թվականին դարձել է Թաիլանդի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը և առաջին ղեկավարը։ 1946 թվականի հունվարին կայացած առաջին հետպատերազմյան խորհրդարանական ընտրություններում, երբ Սիամայում քաղաքական կուսակցություններն արգելված էին, դեմոկրատական կուսակցության կողմնակիցները, ոչ պաշտոնական տվյալներով, խորհրդարանում ստացել են 82 տեղերից 18-ը (մեծամասնությունը՝ 57 տեղ)[4]։ Կուանգ Ապայվոնգը 1946 թվականի հունվարի 31-ին կրկին նշանակվել է վարչապետ, սակայն նրա դրությունն առանց խորհրդարանում մեծամասնության աջակցության թույլ էր, և 45 օր անց՝ մարտի 24-ին, խորհրդարանի բանաձևի հետ անհամաձայնության պատճառով նա պաշտոնանկ է արվել, իսկ վարչապետ է դարձել Պ. Պանոմիոնգը։

Երրորդ անգամ վարչապետ է նշանակվել 1947 թվականի նոյեմբերի 10-ին՝ Պիբունսոնգրամի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումից հետո։ Սակայն զինվորականների շրջանում տարաձայնությունների պատճառով նրան հարկադրել են հրաժարական տալ 1948 թվականի ապրիլի 8-ին, և վարչապետ է դարձել Պիբունսոնգրամը։ Դրանից հետո Կուանգ Ապայվոնգը շարունակել է քաղաքական գործունեությունը որպես ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բայց էլլ երբեք պաշտոն չի զբաղեցրել երկրի կառավարությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БРЭ/Куанг Апайвонг
  2. Goscha (1999), p. 42
  3. Songsri Foran (1981), Thai-British-American relations during World War II and the immediate postwar period, 1940-1946, Thai Khadi Research Institute, Thammasat University, էջ 83
  4. Sorasak Ngamcachonkulkid (2001), The Seri Thai movement and political conflict in Thailand, 1938-1949, University of Wisconsin—Madison, էջ 140

Գրականություն խմբագրել

  • Goscha, Christopher E., Thailand and the Southeast Asian Networks of The Vietnamese Revolution, 1885—1954, Routledge, 1999, ISBN 0700706224
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուանգ Ապայվոնգ» հոդվածին։