Կոստանյան թատերախումբ, կազմակերպվել է 1921 թվականին, Թեհրանում։ Գործել է 1920-1950-ական թթ.։ 1930-ական թթ. «Կովկասահայ դրամատիկ խումբ» անունով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում և այլուր, ներկայացնելով Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Ա. Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն», Շեքսպիրի «Օթելլո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Ուրվականներ» և այլ գործեր։

Թատերախմբի հիմնական ուժերը եղել են իրենց բեմական գործունեությունը 1910-ական թթ. Թիֆլիսում և Բաքվում սկսած Կոստանյան դերասանական ընտանիքի անդամները՝ Կոստանյան Միքայել Ալեքսանդրի (իսկական ազգանունը՝ Ալավերդյան), կինը՝ Մամիկոնյան-Կոստանյան Մարգարիտ, նրանց զավակները՝ Կոստանյան Ասյա (տիկին Չիլինկիր)՝ դերասանուհի և պարուհի, Կոստանյան էմմա՝ պարուհի (ներկայացումներին մասնակցել է պարերով), Կոստանյան Վոլոդյա։ Մշտական շրջագայությունների ժամանակ թատերախմբի ներկայացումներին մասնակցել են տեղի հայ դերասաններն ու սիրողները։ Գլխավոր դերերը կատարել են Կոստանյան ընտանիքի անդամները։

1933 թվականին ստեղծել են Դրամատիկ դերասանական խումբը, 1935 թվականին՝ Դրամա-օպերետային դերասանական խումբը։ Բեմադրել են բազմաթիվ պիեսներ՝ կատարելով գլխավոր դերերը։ Խումբը գործել է մինչև 1950-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 621
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։