Կոլոնատ (լատին․՝ colonus- հողագործ), Հին Հռոմում խոշոր հողատերի և անմիջական արտադրողի՝ կոլոնի միջև ձևավորվող արտադրական հարաբերությունների հատուկ ձև։

Սեփականատերը հողը բաժանում էր մասերի (պարցելների) և վարձով տալիս ազատ կամ իրենից կախում ունեցող կոլոններին։ Կոլոնն ուներ սեփական տնտեսություն վարելու ինքնուրույնություն, ուստի և շահագրգռված էր բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը։ Սկզբում (մ.թ.ա. II դար - մ.թ. I դար) նա իրավաբանորեն ազատ և տնտեսապես անկախ էր. իրավունք ուներ վարձակալած հողամասում օգտագործել նաև ստրուկի աշխատանքը։ II դարից սկսած՝ ցածր արտադրողականության հետևանքով սահմանափակվեց ստրուկների աշխատանքի օգտագործումը, և մանր ու միջին ստրկատերերը քայքայվեցին, մանր ստրկատեր կոլոնը, կորցնելով ինքնուրույնությունը (ամուսնության, ժառանգման, տեղաշարժման իրավունք) և ազատությունը, վերածվեց անմիջական արտադրողի, իսկ հողատերը՝ պատրոն-հովանավորի։ Կալվածքին ամրացված կոլոնը պարտավորվում էր որպես վարձատրություն հողատիրոջը բերքից մաս հանել (1/4-1/3-ի չափով) և մասնակցել վարին, ցանքին, բերքահավաքին։ Սոցիալական և իրավական դրությամբ ստրուկներին ազատներից բաժանող այս խումբը միջնադարյան ճորտ գյուղացու նախորդն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515