Կոլտնտեսություն
Կոլտնտեսություն, կոլխոզ (ռուս.՝ Колхоз, коллективное хозяйство [կոլեկտիվ տնտեսություն] բառարմատներից), գյուղական համայնքներում ընդունված կոլեկտիվ տնտեսվարման ձև Խորհրդային Միությունում[1]։
1928-30-ական թվականներին, «կոլեկտիվացման» մասին որոշումների հիման վրա, գյուղական բնակչության ունեցվածքը և աշխատանքը տրվեց կոլտնտեսություններին։ Կոլեկտիվացման համակարգի համաձայն գյուղական արտադրության միջոցները (հողը, գործիքները, անասունները, սերմացուն և այլն) համարվում էին կոլխոզի բոլոր անդամների ընդհանուր սեփականություն, աշխատանքը ղեկավարում էր կոլխոզի անդամների կողմից ընտրված մարդը` կոլխոզի նախագահը։ 1976 թվականի դրությամբ ԽՍՀՄ-ում կար 27,9 հազար կոլտնտեսություն (ՀԽՍՀ-ում՝ 371)։
Կոլտնտեսությունները ստեղծվել են Վլադիմիր Լենինի կոոպերատիվ պլանի համապատասխան։ Խորհրդային գաղափարախոսության համաձայն, կոլտնտեսությունների մարտահրավերները կայանում էին «հանրային տնտեսության համակողմանի ամրապնդման և զարգացման, աշխատանքի արտադրողականությունը և հանրային արտադրության արդյունավետությունը բարձացնելու, կոլտնտեսային արտադրության ինտենսիվացման և տեխնիկայի հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրիֆիկացման, հողի քիմիացումն ու մելիորացումն իրագործելու ուղիով արտադրության և պետության գյուղատնտեսական մթերքների վաճառքն ինտենսիվացնելու» և այլնի մեջ։
Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներից մեկը՝ հողը, ԽՍՀՄ-ում պետական սեփականություն էր։ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան կոլտնտեսություններին այն ամրացնում են հատուկ ակտով, անվճար և անժամկետ՝ առհավետ օգտագործման համար։ Կոլտնտեսությանն ամրացված հողերը ստորաբաժանվում էին հանրային օգտագործման և տնամերձ հողերի։ Վերջինս հատկացվում էր կոլտնտեսականների ընտանիքին (ծխին) որպես բանջարանոց, այգի և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով (միջինում՝ 0,5 հա)։ Կոլխոզնիկներին թույլ էր տրվում նաև սահմանափակ քանակով սեփական անասուններ պահել (մինչև Ստալինի մահը` մեկ կով, երկու հորթ, տասը ոչխար և այծ, մեկ մայր խոզ) Կոլտնտեսության մեջ էին ներառվում նաև դրա ձեռնարկությունները, շենքերը, կառույցները, տրակտորները, կոմբայնները և մյուս մեքենաները, սարքավորումները, փոխադրամիջոցները, բանող ու մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, մելիորատիվ ու ոռոգման կառույցները, արտադրված արտադրանքը, դրամական միջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կազմակերպությունների ունեցվածքն ու միջոցները։
Իր գործունեությունն իրականացնելու համար կոլտնտեսությունը ստեղծում էր հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր, որոնք պետք է օգտգործվեին միայն նպատակային կարգով։ Հիմնական և շրջանառու ֆոնդերի համալրման մասհանումների չափերը որոշում էին կոլտնտեսականները։ Արտադրության և աշխատանքի կազմակերպման ձևերը (բրիգադ, ֆերմա, օղակ և այլն) ստեղծվում ու կիրառվում էին՝ ելնելով տնտեսության կոնկրետ պայմաններից, մասնագիտացումից, արտադրության տեխնոլոգիայից ու մեքենայացման մակարդակից։ Արտադրական ստորաբաժանումներն իրենց գործունեությունը վարում են ներտնտեսային հաշվարկի հիման վրա։
Կոլտնտեսության ընդհանուր ղեկավարությունը իրականացնում էր ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությունը և դրա տեղական մարմինները։ Ջրային կառույցների շինարարության և շահագործման, գյուղաանտեսական մթերքների մթերման, նյութատեխնիկական մատակարարման հարցերով զբաղվում են (համապատասխանաբար) ջրային տնտեսության և մելիորացիայի, մթերումների մինիստրությունները, համամիութենական «Գյուղտեխնիկա» միավորումը և դրանց տեղական մարմինները։
ԽՍՀՄ-ում զանվգվածային կոլեկտիվացումը իրականացվել է 1929-1933 թվականներին։ Մինչև կոլտնտեսությունների կազմավորումը, զգալի չափով գյուղացիներ հող էին ստացել 1920 թվականի դեկտեմբերի 28-ի «Հողի մասին դեկրետի», այնուհետև 1923 թվականի Հողային օրենսգրքի համաձայն, որոնց հետևանքով ԽՍՀՄ-ում բռնագրավվեցին կալվածատիրական հողերը (կուլակաթափություն), կատարվեց հողատարածքների համատարած ազգայնացում, այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև[1]։ Հողը որպես «համաժողովրդական ունեցվածք» չէր կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա։ Կոլտնտեսության եկամուտները բաշխելիս հաշվի էին առնվում անդամների ընդհանուր ժողովի որոշումները, որոնք խստորեն կարգավորված էին[1]։ Մասնավորապես, արդյունքի որոշակի մասը վաճառվում էր պետությանը՝ վերջինիս կողմից որոշված խիստ ցածր գնով, պետական բանկերին վերադարձվում էին գարնանային աշխատանքների համար տրամադրված վարկերը, վճարվում էին մեխանիզատորների աշխատավարձերը, ամբարվում էր կոլխոզի գյուղատնտեսական կենդանիների կերապաշարը, իսկ մնացյալը բաշխվում էր կոլխոզի անդամներին՝ ըստ աշխատած օրերի հաշվարկի (աշխօր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Կոլխոզ, կոլտնտեսություն». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 518)։ |