Կիրակոս Աղբակեցի (Կիրակոս քահանա), XIV դարի 1-ին կեսի հայ գրիչ և մանրանկարիչ։

Կիրակոս Աղբակեցի
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ
 Kirakos Aghbaketsi Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Ապրել և ստեղծագործել է Վասպուրականի Աղբակ գյուղաքաղաքում։ Նրա ստեղծած Ավետարանների հիշատակարաններից հնարավոր է փոքրիշատե տեղեկություններ քաղել հեղինակի կենսագործունեության մասին։ Որպես նրա ուսուցիչներ հիշատակվում են Թումա եւ Ուսեպ քահանաները։ 1330 թ. Ավետարանում Կիրակոսը իրեն հիշատակում է որպես սարկավագի, իսկ 1351 թ. նա քահանա էր։ Նույն թվականին Աշրաֆի ասպատակությունների պատճառով Կիրակոսը գաղթել է Կիլիկիա, մեկ տարի անց` կրկին վերադարձել Աղբակ։ Վերջին՝ թվագրում ունեցող ձեռագիրը 1352 թ. աշխատանք է։ Կարելի է ենթադրել, որ Կիրակոսը վախճանվել է XIV դարի 50-60-ական թթ.:

Ստեղծագործություն խմբագրել

Հայտնի են Կիրակոս Աղբակեցու կողմից գրված կամ նկարազարդված ինը ձեռագիր մատյաններ։ Դրանցից վեցը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. 2929, 9423, 4817, 2745, 4311, 5469), երեքը՝ արտասահմանյան հավաքածուներում (Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ ձեռ. 481, Բեռլինի ազգային գրադարան՝ Hs. or. 10910 [1] եւ Հալեպի Քառասուն մանկանց վանք՝ ձեռ. 33)։ Ձեռագրերի պահպանված նկարազարդումներից պարզ է դառնում, որ Կիրակոսը պատկերման համար անդրադարձել է հիմնականում տոնական շարքի տեսարաններին (Ավետում, Ծնունդ, Տյառնընդառաջ, Մկրտություն, Պայծառակերպություն, Ղազարոսի հարությունը), ընդ որում՝ դրանցում ամբողջական շարքը բացակայում է, փոխարենը կան հավելումներ (Քրիստոսի բժշկությունները, Տիրամայրը Մանկան հետ, աշխարհիկ անձանց պատկերներ)։ Ընդունված կանոնի համաձայն բնագրային տեքստը նախորդված է խորաններով, իսկ յուրաքանչյուր Ավետարան սկսվում է ավետարանչի դիմանկարով։ Միայն 1338 թ. Ավետարանում ականատեսն եք դառնում Քրիստոսի երկրային գործունեության և հրաշագործությունների պատկերների ընդարձակ շարքին։ Պահպանված նկարազարդումների ոչ կապակցված լինելը ենթադրել է տալիս, թե բոլոր ձեռագրերի նկարազարդման համակարգը և տեսարանների ընտրությունը նույնն է եղել, պարզապես դրանք մեզ չեն հասել։

Կիրակոս Աղբակեցու անվան հետ է առնչվում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը։ Նրա պատկերած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են։ Արտահայտման հիմնական միջոցը՝ գիծը, առավելապես ենթարկված է զարդային կառուցվածքին։ Մանրանկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրապույրն ունեն։ Ակնհայտ է, որ նկարիչը միջնորդավորված կերպով ազդված է եղել Սիմեոն Արճիշեցու և Վարդան Արծկեցու արվեստից, թեպետ նրա գեղարվեստական ձեռագիրը ինքնատիպ դիմագիծ ունի։ Կիրակոսի գունագծային մաներան, ընտրած պատկերագրական տիպերը հետագայում իրենց շարունակական զարգացումն են ունեցել Վասպուրականի դպրոցի ամենից նշանավոր արվեստագետների ստեղծագործություններում։

Ձեռագիր մատյանների ցանկ խմբագրել

1. ՄՄ 2929, Ավետարան, 1330 թ., -
2. Նոր Ջուղա, ձեռ. 481 Ավետարան, 1330 թ., Լանկշեն
3. ՄՄ 9423 Ավետարան, 1332 թ., Վա՞ն
4. Բեռլին, Hs. or. 10910 Ավետարան, 1336 թ., Լիմ
5. ՄՄ 4817 Ավետարան, 1330-ից հետո, Ուռնկար
6. Հալեպ, ձեռ. 33 Ավետարան, 1338 թ., Արծկե
7. ՄՄ 2745 Ավետարան, 1351 թ., Կիլիկիա
8. ՄՄ 4311 Ժողովածու, 1352 թ., Խաշնոց
9. ՄՄ 5469 Ավետարան, 14-րդ դար, -

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Գէորգեան Ա., Հայ մանրանկարիչներ. Մատենագիտութիւն. IX-XIX դդ., Գահիրէ, 1998, էջ 308-310։
  • Խաչիկյան Լ., ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Երեւան, 1951։
  • Հակոբյան Հ., «Մանրանկարիչ Կիրակոս Քահանա», Էջմիածին, 1973, № 3, էջ 48-54։ [2]
  • Հակոբյան Հ., Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք Բ, Երեւան, 1982, էջ 17-31։
  • Տէր-Աւետիսեան Ս., Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, հ. Ա, Վիեննա, 1970, էջ 69-71։
  • Քյուրտյան Հ., «Կիրակոս ծաղկող», Բազմավեպ, 1973, էջ 216-226։
  • Leyloyan-Yekmalyan A., L'art du livre au Vaspurakan. XIVe-XVe siècles. Etudes des manuscrits de Yovannes Xizanc'i, Paris-Louvain, 2009, pp. 180–181.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 450