Կիսասպիտակավիզ ճանճորս
Կիսասպիտակավիզ ճանճորս | |
Կիսասպիտակավիզ ճանճորս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) |
Ցեղ | Ficedula |
Տեսակ | Կիսասպիտակավիզ ճանճորս (F. semitorquata) |
Միջազգային անվանում | |
Ficedula semitorquata | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կիսասպիտակավիզ ճանճորս (լատին․՝ Ficedula semitorquata), ճանճորսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 23,5-24 սմ։ Բնադրման շրջանում հասուն արուի մարմինը վերևից սև է՝ սպիտակ կիսաօձիքով, ներքևից՝ սպիտակ։ Ճակատին կա մեկ կամ երկու միջին չափի սպիտակ բծեր։ Պոչի եզրային փետուրները սպիտակ են։ Թևավերևին կա սպիտակ շերտ և խոշոր սպիտակ հատված։ Արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում կա միջին չափի սպիտակ պուտ։ Ավելի բաց գոտկատեղով էգի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն։ Թևավերևին կա սպիտակ շերտ, իսկ արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ փոքր պուտ։ Երիտասարդը նման է էգին, տարբերվում է մարմնի վերին մասի բաց գույնի պուտերով և կրծքի մուգ վրձնախազերով։
Կենսակերպ
խմբագրելՆստած ժամանակ կիսաթափահարում է մերթ մի թևով, մերթ մյուսով կամ երկուսը միասին՝ պոչը վեր ու վար շարժելով։ Բնակվում է սաղարթախիտ անտառներում, պտղատու այգիներում, թփուտներում, իսկ չուի ընթացքում՝ գետաձորերում։ Գարնանային վերադարձը ապրիլին է։
Սննդառություն
խմբագրելՍնվում է անողնաշարավորներով (հաճախ՝ ծառերի սաղարթում ու գետնին), ինչպես նաև թռչող միջատներով։
Բնադրում
խմբագրելԲնադրում է փչակներում կամ արհեստական թռչնաբներում (բնի ընտրությունը կատարում է էգը)։ Չոր խոտերից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ 3-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-15 օր, իսկ արուն հսկում, պաշտպանում և կերակրում է նրան։ 15-17 օրական ձագերը տիրապետում են թռիչքին և հեռանում բնից։ Աշնանային չուն սեպտեմբեր-հոկտեմբերին է։
Տարածվածություն
խմբագրելՏեսակը տարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում, ինչպես նաև դեպի արևմուտք` մինչև Բալկաններ։ Հայաստանում հանդիպում է հյուսիսում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում` բնակեցնելով սաղարթավոր խառը անտառները[1]։
Պահպանություն
խմբագրելՍակավ ուսումնասիրված և օլիգոտոպային տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ անտառահատումների հետևանքով ապրելավայրերը կրճատվում են։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսասպիտակավիզ ճանճորս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսասպիտակավիզ ճանճորս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |