Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներ

Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներ, որոնք եղել են Միջերկրական ծովի ափին։ Լինելով Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկյան Հայաստանում կային մի շարք նավահանգիստներ, որոցից մի քանիսը խոշոր նշանակություն ունեին միջազգային առևտրում: 14-րդ դարի սկզբի Իտալացի հեղինակ Մարին Սանուտոն իր «Խաչակիրների գաղտնի գիրքը»[1] աշխատության մեջ մանրամասն թվարկում և նկարագրում է Կիլիկյան Հայաստանի նավահանգիստները: Նա թվարկում է 25 նավահանգիստների անուններ, որոշում նրանց դիրքը միմյանց նկատմամբ, մատնանշում նավերի լողարկման հարմարություններն ու անհարմարությունները մի նավահանգստից մյուսն անցնելիս՝ առավել մանրամասն նկարագրելով ստրատեգիական և առևտրական նշանակություն ունեցող ունեցող նավահանգիստները: Այժմ այդ նավահանգիստների մեծ մասը գտնվում ե ավերակ վիճակում կամ ամբողջությամբ հիմնավեր են, բայց այդ ժամանակի քարտեզների վրա պահպանվել են նրանց դիրքերը:

Կիլիկիայի հայկական թագավորության գլխավոր նավահանգիստը նրա ծաղկման շրջանում եղել է Այասը (Լայացցո): Այասը գտնվում է Ալեքսանդրետի (Հայկական) ծոցի ափին, որը խոր մխրճվում է մայր ցամաքի մեջ և շրջապատված է լեռներով: Այասի նավահանգստից քարավանային ուղիներ էին գնում, որոնք Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի միջով հասնում էին մինչև Սև Ծովի ափերը, մինչև Իրան և Պարսից ծոց՝ Կիլիկյան կապելով Սիրիայի, Միջագետքի և այլ երկրների հետ: Այդ նավահանգստային քաղաքը ամրացված էր ցամաքից, իսկ ծովից պաշտպանում էր բերդը, որը ափից ոչ հեռու գտնվող կղզու վրա էր:[2]: Այասում էր գտնվում պետության՝ իր եկամուտներով առաջին տեղը բռնող մաքսատունը: Այասը եղել է Եգիպտոսի սուլթանության զորքերի հարձակման օբյեկտ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարի առաջին կեսին: Սիրիայի սահմանից սկսած՝ Այասը հանդիսանում էր երրորդ նավահանգիստը:

Ռազմավարական և առևտրային նշանակությամբ Կիլիկյան Հայաստանի երկրորդ նավահանգիստը Կոռիկոսն էր, որն այս երկրի նավահանգիստներից ամենամոտն էր Կիպրոսին, գտնվել է Տարսոնից 70 կմ, իսկ Սելևկիայից՝ 20 կմ հեռավորության վրա:[3] Կոռիկոսի մոտերքում կար մի կղզի՝ ծովային ամրոցով: Ծովափնյա Կոռիկոս քաղաքը ամրացված էր պարիսպներով և աշտարակներով: Այդ մասին, որպես Կիլիկիայի հայկական պետության նավահանգստի, հիշատակում է Բենիամին Տուդելացին՝ 13-րդ դարի կեսերին այցելելով այդտեղ:[4] 13-րդ դարի վերջին Կոռիկոսը պատկանում էր Հեթումյանների դիմիաստիայի ազգականներից մեկին՝ Հեթում պատմիչին, որն ամրացրել է քաղաքը և ծովային ամրոց կառուցել նավահանգստի մոտ գտնվող նույնանուն կղզում: 13-րդ դարում Կոռիկոսի միջոցով նշանակալի առևտուր էր կատարվում Եվրոպայի հետ: 1337 թվականին, Այասի անկումից հետո, Կոռիկոսը դարձավ առավել կարևոր նավահանգիստ՝ և՛ առևտրական, և՛ ռազմավարական առումով:

Կիլիկիայի հայկական թագավորության նշանակությամբ երրորդ նավահանգիսը եղել է Պալլորումը: Այն գտնվում էր Այասից 15 կմ հեռավորության վրա, նույնքան հեռավորություն ուներ նաև Պիռամոսի գետաբերանից: Ուներ ռազմավարական նշանակություն, որպես ռազմանավերի կայանատեղի՝ Եգիպտոսի սուլթանության դեմ կռվող խաչակիրների համար:[5] 13-րդ դարի խաչակրաց արշավանքի ծրագրից մեկում Պայասի մասին ասված է.


Aquote1.png

 Աշխարհի լավագույն նավահանգիստներից մեկն է,
ուր ժամանում են զանազան երկրների նավեր:[6]

Aquote2.png


Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներից մեկը, որն այն ժամանակ մատչելի է եղել ծովային նավերի համար, Մամեստիա քաղաքն էր՝ Պիռամոս գետի ափին, որը նավարկելի էր մինչև այդ կետը:

Ծովային առևտրի համար իր նշանակությամբ կարևոր նավահանգիստ էր Կյուդնոս (այժմ՝ Տարսուս-չայ) գետի ափին գտնվող Տարսոն քաղաքը: 13-14-րդ դարերում սա մատչելի էր ծովից ոչ մեծ նավերի ընդունման համար:

Սելևկիա քաղաքը (ըստ Սանուտոյի՝ Սալեֆֆո), որը գտնվում է Կալիկադնոսի ափին, գետաբերանից 20 կմ վերև, ծովային փոքր նավեր էր ընդունում: Սելևկիայից մինչև նավահանգիստն ընկած առափնյա շերտը, որը Սանուտոն անվանում է Կանդելորուս (ըստ հայկական աղբյուրների՝ Կալոնորոս - հունական ծագմամբ անուն), եղել է սենիոր Ադամի ավատը: Սելջուկյան սուլթան Քեյ-Կուբադ Ալա Ադ Դինը Կալոնորոսը այն խլեց նրա ժառանգորդներից[7], որից հետո նավահանգիստն ստացավ նոր անվանում՝ Ալայա: Այսպիսով, Հեթում I-ի կառավարման օրոք Կիլիկյան Հայաստանի առափնյա գիծը կրճատվեց և տարածվում էր Ալեքսանդրետի ծոցից մինչև Սելևկիան ներառյալ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611
  2. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 88
  3. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 90
  4. Три еврейских путешественника IX-XIII вв., стр. 34
  5. M. Sanuto, Liber secretorum fidelium crucis, Hanoviae, 1611, p 91
  6. Archives de l'Orient latin, Paris, 1884, h. II, p. 349
  7. Սմբատայ Սպարապետի Պատմութիւն, Մոսկվա, 1856, էջ 109