Կենսաքիմիան Հայաստանում

Կենսաքիմիան Հայաստանում, կենսաքիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 1923 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում (1930 թվականից՝ ԵԲՀ, 1999 թվականից՝ ԵՊԲՀ) կենսաքիմիայի ամբիոնի (վարիչներ՝ Հ. Հովհաննիսյան՝ 1930-1937, Հ. Բունիաթյան՝ 1937-1961, Վ. Մխիթարյան՝ 1961-1986, Մ. Աղաջանով՝ 1986-2008, Հ. Վահրարյան՝ 2009 թվականից) ստեղծմամբ։ 1935 թվականին ստեղծվել է Քիմիայի ինստիտուտը[1]՝ կենսաքիմիայի բաժանմունքով[2], որը 1943 թվականին ընդգրկվել է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի[3] կազմում, իսկ 1958 թվականից գործել է որպես ինքնուրույն հիմնարկ։ Վերջինիս հիմքի վրա 1961 թվականին Հ. Բունիաթյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Կենսաքիմիայի ինստիտուտը (տնօրեններ՝ Հ. Բունիաթյան՝ 1961-1981, Ա. Գալոյան՝ 1981-2006, Գ. Գևորգյան՝ 2006 թվականից)։ 1961 թվականին կենսաքիմիայի ամբիոն է ստեղծվել նաև ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում[4]։

Բժշկական հարմարեցում

Կենսաքիմիական հետազոտություններ խմբագրել

 
Մեխանիզմի օրինակ

Կենսաքիմիական հետազոտություններ սկսել են կատարել նաև ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, Անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիաներում։ Ակադեմիայում Ն. Սիսակյանի ջանքերով հանրապետությունում սկիզբ է դրվել բույսերի կենսաքիմիական հետազոտություններին։ Ինստիտուտիի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը նյարդաքիմիան է։ Հ. Բունիաթյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են գլխուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի հիմնախնդիրներ, որոնց շնորհիվ ինստիտուտըը վերածվել է նյարդաքիմիայի ԽՍՀՄ առաջատար կենտրոնի, նյարդաքիմիական դպրոցը միջազգային ճանաչում է ստացել։ Այդ ոլորտում առաջին հետազոտությունները (Հ. Հովհաննիսյան, Հ. Բունիաթյան) նվիրվել են վիտամինների կառուցվածքի և նյութափոխանակության հարցերին, պարզվել է, որ C վիտամինն ունի դիֆենոլային կառուցվածք և օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ՝ ֆոսֆատիդների, կարոտինոիդների օքսիդացման շարժընթացներում, և հակառակը՝ այդ նյութերը պղնձի և երկաթի առկայությամբ ձեռք են բերում այլ՝ պրոօքսիդանտային հատկություններ։ Ինստիտուտում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ուղեղի կենսբաբանական ակտիվ պեպտիդների և սպիտակուցների ազդեցության ու քիմիական կառուցվածքների պարզաբանումը խթանել է նյարդակենսաբանության, իմունային համակարգի և բժշկության մի շարք ուղղությունների զարգացումը։ Ակադեմիկոս Ա. Գալոյանի ղեկավարությամբ հայտնաբերված ուղեղի ցիտոկինների՝ պրոլինով հարուստ պեպտիդի և GX-NH2 պեպտիդի ազդեցության մեխանիզմերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ այս նյութերը մեծ նշանակություն ունեն ուռուցքաբանության բնագավառում՝ քիմիաբուժության և ճառագայթաբուժության հետևանքով առաջացած արյունաստեղծման (հեմատոպոեզ) կտրուկ խանգարումները վերացնելու համար։ Այդ միացությունները հաջողությամբ կարելի է կիրառել մարդու և կենդանիների լեյկոզի բուժման, սուր վարակների, հատկապես սիբիրախտի հարուցիչների դեմ բարձր արդյունավետությամբ պայքարելու համար։ Բացահայտվել են բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) ժամանակ սրտամկանի ինֆարկտի առաջացման պատճառներն ու բուժման ուղիները։ Անջատվել և հետազոտվել են ֆերմենտներ, որոնք կիրառելի են տուբերկուլոզի, շաքարային դիաբետի, չարորակ հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար։ Ոաումնասիրվել է երկկարբոն ամինաթթուների և գամմա-ամինակարա-գաթթվի նյութափոխանակության կարգավորումն ուղեղում։ Առաջ է քաշվել գլուտամինից գամմա-ամինակարագաթթվի առաջացման այլընտրանքային ուղին։

Բացահայտումներ խմբագրել

 
Na+CH-ի լրացում

Բացահայտվել են ակտիվ թթվածնի նյութափոխանակությունը կարգավորող նոր մետաղապրոտեինների առանձնահատկությունները նորմայում և հիվանդությունների ժամանակ։ Նոր փաստեր և օրինաչափություններ են արձանագրվել ծերության ժամանակ գլխուղեղի ամինաթթուների փոխանակությանը մասնակցող մի շարք կարևոր ֆերմենտների ակտիվության կարգավորման, նյարդ, համակարգում պրոտեոլիպիդների փոխանակության, մակրոէրգային միացությունների և ֆերմենտների, ինստիտուտում հայտնաբերված ուղեղի կարդիոտրոպ հորմոնների վերաբերյալ։

Պարզաբանումներ խմբագրել

 
C1 մոլեկուլի տեսքը

Պարզաբանվել է հեմոր-ֆինների վերականգնող, դերը շաքարային դիաբետի, գերհույզի ու քաղցկեղի հետևանքով առաջացած իմուն, և նյարդա-ներզատական համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների դեպքերում։ Ինստիտուտում ստացված ոսկու և արծաթի՝ հակամարմիններով պատված նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր տիպերի հիվանդությունների բացահայտման և, որպես արդյունավետ կրիչներ, օրգանիզմի տարբեր հատվածներ դեղամիջոցների տեղափոխման համար։ Պարզաբանվել է, որ տաուրինը և տաուրետը նոր եղանակներով կարելի է օգտագործել համաճարակային բնույթի դիաբետիկ ռետինոպաթիայի ու մակուլյար էդեմայի, ինչպես նաև անբուժելի համարվող ցանցենու ծերուն դիստրոֆիայի և ցանցենու պիգմենտոզի բուժման համար։ Ինստիտուտում գործում է կենսաքիմիայի, մոլեկուլային և բջջային կենսաբանության մասնագիտություններով աստիճանաշնորհման գիտխորհուրդ, ՌԴ ԳԱ-ն և ՀՀ ԳԱԱ-ն համատեղ հրատարակում են «Նյարդաքիմիա» ամսագիրը (գլխավոր խմբագիր՝ ակադեմիկոս Ա. Գալոյան)։

Ստեղծված ընկերակցություններ խմբագրել

Ինստիտուտում ստեղծվել է ՀՀ կենսաքիմիկոսների և մոլեկուլային կենսաբանության ընկերակցություն, որը կենսաքիմիկոսների միջազգային ընկերության անդամ է։ 1950-1960-ական թվականներին ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ուսումնասիրվել են մարդու օրգանիզմի վրա քլորոպրենի ազդեցության մեխանիզմները (Վ. Մխիթարյան, Հ. Մատինյան)։ Ամբիոնին կից հիմնախնդիրների լաբորատորիայում կատարված հետազոտություններով հիմնավորվել է տեսություն, որի համաձայն՝ քլորոպրենային տոքսիկոզի խորացման պատճառը լիպիդային գերօսիդացման ուժեղացումն է։ Մշակվել են քլորոպրենային կաուչուկի գործարանի բանվորների առողջության պահպանության որոշակի գործն, ցուցումներ։ Այդ հետազոտությունների հիման վրա 1970-ական թվականներին զարգացել է նոր ուղղություն, որի հիմքում լիպիդային գերօքսիդացման ուժեղացումն է՝ տարբեր ախտաբանական վիճակների, հատկապես այրվածքային հիվանդության (Մ. Աղաջանով), անշարժության և աղմկային գերհույզի (Է. Միքայելյան, Մ. Մելքոնյան), շաքարային դիաբետի (Դ. Գևորգյան) զարգացման ընթացքում։ Այդ ուղղությունը, որ հայտնի է «օքսիդացումային գերհույզ» անվանմամբ, զարգացրել են բոլոր գիտաբժշկական հիմնարկներում։ 1960-1970-ական թվականներին ԵՊԻ կենսաքիմիայի ամբիոնում զբաղվել են գլխուղեղի հետազոտության էներգետիկ, և կենսասինթետիկ հիմունքների մշակման (Գ. Խաչատրյան), ինչպես նաև սիմպատոադրենալ համակարգի հարմարվողա սնուցողական ազդեցության կենսաքիմիայի (Է. Մխեյան) հարցերով։ 2006 թվականից ամբիոնում հետազոտություններ են կատարվում Ալցհեյմերի հիվանդության նյարդադեգեներացիայի նյարդաքիմիական հիմունքների մշակման նպատակով (Մ. Աղաջանով)։

Ալցհեյմերի հիվանդության կանխումը խմբագրել

Ալցհեյմերի հիվանդության ալյումինային (Հ. Վահրադյան) և բետամիլոիդային մոդելների վրա օգտագործելով մի շարք բնական միացություններ՝ հաջողվել է կանխել Նյարդադեգեներացիայի խորացումը, ցույց տալ նյարդածևության (նեյրոգենեգ) խթանման հնարավորությունը ցողունային բջիջների ակտիվացման շնորհիվ (Կ. ենկոյան)։

Կենսաքիմիան ուսումնասիրող տեսանյութեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Biochemistry - National Academy of Sciences of Armenia(անգլ.)
  3. AAB - Short history - Armenian Association of Biochemists(անգլ.)
  4. Welcome to Armenian Association of Biochemists(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։