Կենդանիների անատոմիա
Գիտական դասակարգում


Կենդանիների անատոմիա, կենդանիների կազմախոսության, կենդանաբանության բաժին, որն ուսումնասիրում է օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը՝ կապված նրանց դերի հետ։

Նկարագրություն խմբագրել

Կենդանիների անատոմիայի ձևաբանության (մորֆոլոգիայի) մասնավոր բաժինն է (ուսումնասիրում է կենդանիների ձևը և կազմությունն անհատական և պատմական կամ էվոլյուցիոն զարգացման ընթացքում), անխզելիորեն կապված է կենդանիների ֆիզիոլոգիայի հետ։ Տարբեր հիվանդությունների ժամանակ օրգանների և հյուսվածքների բնականոն կառուցվածքի խանգարումներն ուսումնասիրում է ախտաբանական անատոմիան։ Ժամանակակից կենդանիների անատոմիական խնդիրներից ելնելով՝ այն բաժանվում է համակարգերի, տեղագրության համեմատ ցեղերի, տարիքային, անասնաբուժական և այլ անատոմիաների։ Կենդանիների անատոմիայի հիմնական և հնագույն մեթոդը դիահերձումն ու պատրաստուկներ պատրաստելն էր (դիակից մկանների, անոթների, նյարդի և այլնի առանձնացումը)։ Ժամանակակից կենդանիների անատոմիան կիրառում է նաև ռենտգենադիտումը, ռենտգենաբանությունը¸ ձևաչափությունը և այլն։ Հայաստանում կենդանիների անատոմիայի ուսումնասիրության հարցերով զբաղվել են 1928 թվականից, երբ Երևանում կազմակերպվել է Անդրկովկասի անասնաբուժական (1931–1994 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, 2005 թվականից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում) ինստիտուտը։ Անասնաբույժ գիտնականներն ուսումնասիրել են Հայաստանում բուծվող ցեղատեսակի՝ տավարի, խառնածինների և գոմեշների համեմատությամբ անատոմիայի հարցերը (Ս. Սմիրենսկի, Պ. Հարությունյան, Է. Խոյեցյան, Ս. Չիտչյան)։ Ախտաբաական ֆիզիոլոգիայի հարցերով զբաղվել են Մ. Գրիգորյանը, Ա. Բրուտյանը, ախտաբանական անատոմիայի խնդիրներով՝ Տ. Մովսիսյանը, Է. Թուխիկյանը և այլոք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։