Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շենքը

Երևանի անասնաբուծական-անասնաբուժության ինստիտուտ, ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծական, անասնաբուժական և կաթնարդյունաբերության տեխնոլոգիական բարձրագույն ուսումնական հաստատություն։ 1994 թվականին վերամիավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիային[1]:

ՀիմնադրումԽմբագրել

Կազմակերպվել է 1931 թվականին Անդրկովկասյան անասնաբուժական (հիմնադրվել է 1928 թվականին) և անասնաբուծական (հիմնադրվել է 1930 թվականին) ինստիտուտների միավորմամբ։ Հիմնադրմանը մասնակցել են Բ․ Մասինոն, Ս․ Սմիրենսկին, Ա․ Քալանթարը, Ա․ Թամամշևը, Բ․ Միխայլովը, Ֆ․ Միխայլովը, Ս․ Ղամբարյանը և ուրիշներ։ 1928-1974 թվականներին տվել է 8440 շրջանավարտ, որոնք աշխատանքի են անցել ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։ 1974-1975 ուսումնական տարում սովորում էր 2650 ուսանող։ Ունի անասնաբուծական (ցերեկային և հեռակա), անասնաբուժական, կաթնարդյունաբերության, ինժեներատեխնոլոգիական և տնտեսագիտական (միամյա) ֆակուլտետներ՝ հայկական և ռուսական բաժիններով։

Ասպիրանտուրա և գիտական խորհուրդԽմբագրել

1932 թվականից գործում է ասպիրանտուրան։ Ինստիտուտի գիտական խորհուրդը իրավունք ունի շնորհել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և երաշխավորել դոկտորի գիտական աստիճանում հաստատվելու համար։ 1975 թվականին աշխատում էին գիտությունների 32 դոկտոր և 152 թեկնածու։ Գիտնականների ուսումնասիրությունները նվիրված են ՀԽՍՀ-ում բուծվող կենդանիների տեղական ցեղերի կատարելագործման, մարգագետինների ու արոտավայրերի բուսակազմի բերքատվության բարձրացման, կերերի սննդարարության ու տիպերի, կաթի և կաթնամթերքների արտադրության տեխնոլոգիայի, իմունոգենեզի և ախտածին մանրէների վրա անտիբիոտիկների ներգործության, հիվանդությունների ժամանակ միկրոտարրերի դերի, վարակիչ, ոչ վարակիչ, պարազիտային, ճիճվային հիվանդությունների բուժման ու դրանց դեմ պայքարի միջոցառումների պրոբլեմներին։

Վարչական կազմԽմբագրել

Ունի 30 ամբիոն, այդ թվում՝ կաթնային գործի, նյութերի փոխանակության, անտիբիոտիկների, գյուղատնտեսական կենդանիների անպտղության, ոչ վարակիչ հիվանդությունների (Ստեփանավան), լաբորատորիաներ, ուսումնափորձնական տնտեսություն, կաթի գործարան, ոչխարաբուծական հենակետ, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի նյութերի փոխանակության լաբորատորիայում ապարան, երկու թանգարան, գրադարան (300 հզ․ կտոր գիրք), սպորտային համալիր։ Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողակաև գիտական ընկերությունը (ՈւԳԸ) բարեկամական ու գիտական կապերի մեջ են Վրացական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի, ինչպես նաև ԳԴՀ-ի, ՉԽՍՀ-ի և այլ հանրապետությունների ու երկրների համապատասխան ինստիտուտների հետ։ Ինստիտուտը հանրապետության գյուղատնտեսության աշխատողներին օգնում է ախտորոշելու և վերացնելու գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, արտադրության մեջ ներդնելու գիտության նվաճումները, առաջավոր փորձը։ Կոլեկտիվ և սովետական տնտեսություններում կազմակերպում է գիտական նստաշրջաններ, մասնակցում կուլտլուսավորական միջոցառումների։ 1934 թվականից հրատարակում է աշխատությունների ժողովածու, 1957 թվականից՝ «Կադրերի համար» բազմատիրաժ թերթը։

ԳրականությունԽմբագրել

Камалян Г․ В#, Ереванский зооветеринарный институт․ К 40-летию Со–ветской Армении, <Труды Ереванского зоовет․ ин-та», 1960, в․ 24․ Տ․ Մադոյան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Administrator։ «ANAU»։ anau.am։ Վերցված է 2016-07-22