Ախտաբանությունը Հայաստանում

Հայաստանում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային։

Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը)։ 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ Ազգային առողջապահության ինստիտուտ) ինստուտում։ ԵԲՀ-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան)։ 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը։

Որպես ինքնուրույն, առանձին հիվանդություն՝ առանձնացվել ու հիմնավորվել է ստրեպտոկոկային ալերգիական անոթաբորբը (Ն. Վարդազարյան)։ Պարզաբանվել է ստրեպտոկոկային վարակի դերը ռևմատիզմի առաջացման ու խորացման գործում։ Վերջին տարիներին ամբիոնում կատարվող ուսումնասիրությունների արդյունքները (ներհյուսվածքային վարակի, ստրեպտոկոկի նկատմամբ օրգանիզմի ցուցաբերած հանդուրժողականության վերաբերյալ) ստացել են միջազգային ճանաչում։

Հայաստանում ախտաբանական ֆիզիոլոգիայի բնագավառի ուսումնասիրություններն սկսվել են 1934 թվականին՝ ԵԲՀ-ում Բախրոմեևի նախաձեռնությամբ համապատասխան ամբիոնի հիմնադրմամբ։ Այնուհետև ամբիոնը ղեկավարել են ախտաբանություն Սարգսյանը, Ս. Խաչատրյանը։ Ամբիոնում մշակվել են օրգանիզմում նյութափոխանակության, ներզատիչ համակարգի, արյունաստեղծ օրգանների, պաշտպանահարմարվողական գործընթացների վիճակը մահացման և վերակենդանացման պայմաններում, ինչպես նաև մահացման և վերակենդանացման գործընթացների վրա օրգանիզմի բնականոնից ցածր ու բարձր ջերմաստիճանների, տենդի, ճառագայթման, այրվածքների և հղիության ազդեցության հարցերը։ Համաշխարհային ճանաչում է գտել պրոֆեսոր Ս. Խաչատրյանի կողմից առաջարկված հետվերակենդանացման շրջանում ինսուլինաբուժման (B1, B12 վիտամինների զուգակցմամբ) մեթոդը, որի համար նա արժանացել է Յան Պուրկինեի (Չեխոսլովակիա), Հանս Սերեի (Կանադա) և Ի. Ջանելիձեի (ԽՍՀՄ) անվան գիտական մեդալների։ Պարզել են, որ օրգանիզմի նախնական հարմարեցումը թթվածնային քաղցին (օրինակ՝ բարձրադիր վայրերում) երկարացնում է կլինիկական մահվան տևողությունը (Ս. Սարգսյան, Ս. Խաչատրյան)։

Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են նաև արտակարգ իրավիճակների (բարձր մթնոլորտային ճնշման և երկարատև ճնշման համախտանիշի) ժամանակ առաջացած կենսաքիմիական, հյուսվածաբանական, իմունաբանական, ֆիզիոլոգիական խանգարումները, որոնք հիմք են հանդիսացել նշված իրավիճակների առաջացման մեխանիզմների պարզաբանման համար։ ԵՊԲՀ կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայում կարևոր հետազոտություններ են կատարվում հարվահանագեղձերի թերֆունկցիայի վերաբերյալ (ախտաբանություն Զիլֆիյան)։ Ազգային առողջապահության ինստիտուտի համանուն լաբորատորիայում ուսումնասիրվել են ենթաստամոքսային գեղձի բորբոքումների առաջացման պատճառները, մեխանիզմները և բուժման հարցերը (Պ. Սիմավորյան)։ Գլխուղեղի արյան շրջանառության դեղորայքային կարգավորման հարցերն ուսումնասիրվել են Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում (Վ. Սամվելյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png