Կեղծ շաոլինյան վանականի գործ

Կեղծ շաոլինյան վանականի գործ (իսպ.՝ caso del falso monje shaolín, բասկ.՝ shaolin maisu faltsuaren kasua), քրեական դատավարություն, որում որպես մեղադրյալ էր հանդես գալիս Խուան Կառլոս Ագիլար Գոմեսը (իսպ.՝ Juan Carlos Aguilar Gomez, ծն. 1965, Բարակալդո), որը մեղադրվում էր 2013 թվականին Բիլբաոյում երկու մարդու սպանության մեջ։

Խուան Կառլոս Ագիլարի կենսագրություն խմբագրել

Խուան Կառլոս Ագիլար Գոմեսը ծնվել է 1965 թվականին Բարակալդոյում` Աբսալոն Ագիլարի և Սևերինա Գոմեսի ընտանիքում[1]։ Նա իր ավագ եղբոր՝ Խոսե Լուիսի հետ մարզադահլիճ է բացել Բիլբաոյում[2][3]։ Խուան Կառլոսի կինը՝ Մարի Մարը, չինարենից թարգմանչուհի էր[2], նրանք ունեին երկու երեխա[4]։

1992 թվականի փետրվարի 8-ին Խոսե Լուիսը մահացել է դժբախտ պատահարից[4], և շուտով Խուան Կառլոսը մեկ տարով մեկնել է Չինաստանի Հենան նահանգ[2][3]։ Վերադառնալուց հետո նա հայտարարել է, որ դարձել է մարտարվեստների վարպետ[5] և առաջին եվրոպացի շաոլինյան վանականը[4]։ Բացի այդ, նա իրեն անվանում էր քունգ ֆուի աշխարհի եռակի չեմպիոն[6] և պնդում էր, որ մարտարվեստի դասեր է տվել բասկյան ինքնավար ոստիկանության անդամներին[7]։

Ագիլարը Բիլբաոյում հիմնել է «Հանգստության օվկիանոս»[6] վանքը և նոր մարզասրահ[3]։ Նա հագել է նարնջագույն զգեստներ և սափրել գլուխը[3], իսկ իր Խուան անունը սկսել է գրել Huang՝ Juan-ի փոխարեն[4]։ Ագիլարը բազմաթիվ հեռուստատեսային ելույթներ է ունեցել[3], նկարահանել է տեսահոլովակներ YouTube-ի համար[6] և օգտագործել իր ազդեցությունը՝ գրավելու կին հետևորդներին, որոնց նա ի վերջո համոզել է իր հետ սեքսով զբաղվել[8]։ 2004 թվականին Ագիլարի գործընկերը հրաժարվել է համագործակցությունից, նրա կինը պահանջել է ամուսնալուծություն, իսկ ինքը՝ Խուան Կառլոսը, սկսել է ստանալ սպառնալիքներ, բայց ոչ ոք բռնության կամ խարդախության մասին հայտարարություն ոստիկանություն չի ներկայացրել[3]։

Սպանություններ խմբագրել

Ենի Սոֆյա Ռեբոլյոյի սպանություն խմբագրել

2013 թվականի մայիսի 25-ին Խեներալ Կոնչա փողոցում[8] Ագիլարը հանդիպել է քառասունամյա կոլումբիացի Ենի Սոֆյա Ռեբոլյո Տուիրանին[9]՝ երկու երեխաների մորը, որը գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում։ Գիշերվա ժամը 03:20-ին նա առաջարկել է կնոջը սեռական հարաբերություն ունենալ։ Ռեբոլյոն զբաղվել էր մարմնավաճառությամբ և համաձայնել է։ Ագիլարը նրան Միցուբիշի[9] մեքենայով տարել է Մաքսիմո Ագիրեի փողոցում գտնվող[9] իր ZEN 4 մարզասրահը[3], որտեղ կապել է նրան, մի քանի բաց լուսանկարներ է արել, իսկ հետո մասնատել է[3]՝ զոհի ինքնությունը թաքցնելու նպատակով[9]։ Մարմնի մնացորդներից նա ազատվել է մեկ շաբաթվա ընթացքում[8]․ մարմնի որոշ մասեր թաքցրել է մարզասրահում, մյուսները՝ Իտուրիս փողոցի իր բնակարանում, իսկ մի մասն այրել է լողասենյակում կամ նետել Ներվիոն գետը[3] կամ աղբավայր[8]։ Նա շարունակել է աշակերտների հետ մարզումները, և, ըստ նրա օգնականներից մեկի, սովորականից ավելի զայրացած և անհանգիստ է եղել[3]։

Մորին Ադա Օտույայի սպանություն խմբագրել

Հունիսի 2-ին՝ Ռեբոլոյի սպանությունից ութ օր անց[3], առավոտյան ժամը վեցին[9] Ագիլարը վերադարձել է Խեներալ Կոնչա փողոց՝ փնտրելու նոր զոհի, որը դարձել է քսանիննամյա նիգերիացի Մորինն Ադա Օտույան[3], որը նույնպես զբաղվում էր մարմնավաճառությամբ[8]։ Ինչպես նախորդ զոհի դեպքում, Ագիլարն ու Օտույան գնացել են մարզասրահ[8]։ Այնտեղ նրանք սեռական հարաբերություն են ունեցել, իսկ հետո Ագիլարը ութ (այլ աղբյուրներ ասում են, որ ինը[8]) ժամ տանջել է Օտույային[3]։ Ժամը 15:10-ի[9] և 15:30-ի միջև ընկած ժամանակահատվածում[3] Օտույային հաջողվել է հասնել մարզասրահի դռանը և օգնություն կանչել[3]։ Անցնող հարևանուհին ոստիկանություն է կանչել[3]։ Ժամանած ոստիկանները գտել են կոմայի մեջ գտնվող ծեծված և խեղդամահ արված տուժածին և մարդկային մնացորդներով յոթ պարկ[10] (այդ թվում՝ Ենի Սոֆյա Ռեբոլյոյին պատկանողները[11]), տարբեր զենքեր (դանակներ, սղոցներ, կացիններ, թրեր) և սեռական բնույթի լուսանկարչական և տեսանյութեր[3]։ Մորին Ադա Օտույան մահացել է էնցեֆալոպաթիայից[9] հունիսի 5-ին՝ ժամը 12:35-ին Բասուրտո հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում[11]։

Ձերբակալություն և դատավարություն խմբագրել

Ագիլարը ձերբակալվել է խոշտանգումների կասկածանքով[6]։ Ձերբակալությունից հետո նա խոստովանել է Ենի Սոֆյա Ռեբոլյոյի սպանությունը[12] և ոստիկաններին հայտնել, որ սպանության պահին կորցրել է ինքնակառավարումը ուղեղի ուռուցքի պատճառով[3]։ Սակայն բժշկական հետազոտության ժամանակ ուռուցքի առկայությունը չի հաստատվել. բժիշկները հայտնաբերել են միայն ձախ քունքի բնածին արախնոիդալ բուշտ[3]։

Խուան Կառլոս Ագիլարի դատավարությունը սկսվել է 2015 թվականի ապրիլի 15-ին[3]։ Դիահերձման արձանագրությունները ցույց են տվել, որ Ագիլարը երկու զոհերին հասցրել է ուժգին հարվածներ[3]։

Ագիլարի հետ հարաբերություններ հաստատած կանանց ցուցմունքները կարևոր դեր են խաղացել դատավճիռ կայացնելիս։ Առանցքային ապացույցներից մեկը նրա քսանութամյա հետևորդ Մարիա Էվայի խոսքերն էին, որը պնդում էր, որ ինքը գտնվել է Ռեբոլյոյի աճյունի կողքին և առանց իմանալու դիպչել է դրանց, քանի որ իր աչքերը կապած են եղել[3]։ Դեուստո համալսարանի շենքի մոտ տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ագիլարը Ռեբոլյոյի մնացորդները նետում գետը[3]։

Յոթ օր տևած դատավարությունից հետո երդվյալ ատենակալները Խուան Կառլոս Ագիլարին միաձայն մեղավոր են ճանաչել երկու սպանությունների համար, բայց «առանց դաժանության», և դատապարտել 38 տարվա ազատազրկման[3]։ Բացի այդ, Ագիլարին պարտավորեցրել են զոհերի հարազատներին փոխհատուցել 397․000 եվրո[8]։

Ազատազրկում խմբագրել

2015 թվականի հուլիսի 28-ին Լա Մորալեխա բանտում (Պալենսիա) բանտարկյալներից մեկը ատամի սրած խոզանակով զինված հարձակվել է Ագիլարի վրա[3]։ Այդ դրվագից հետո Ագիլարը տեղափոխվել է Մանսիլա դե լաս Մուլաս (Լեոն) բանտ, որտեղ կրում է իր պատիժը մինչ օրս[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Duva, Jesús (27.07.2018). «Orgías de dominación y sangre en un gimnasio de Bilbao». El País (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Juan Carlos Aguilar, el falso shaolin de la sí violencia». Elena en El País de los Horrores (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 G. Álvarez, Mónica (28.06.2019). «El 'falso' Maestro Shaolín que torturaba a sus víctimas en orgías de sangre». La Vanguardia (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Huang C: cuando el hábito no hace al monje shaolín». ABC España (իսպաներեն). 09.06.2013. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  5. «El presunto asesino del gimnasio no es maestro shaolín ni monje». ABC España (իսպաներեն). 05.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Шаолиньского монаха из Бильбао арестовали по подозрению в пытках». Noticia.ru (ռուսերեն). 03.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  7. Giménez, Manu (03.06.2013). «Huang C. Aguilar, el oscuro maestro shaolín». EITB (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Fernández-Chillón, Ramiro (17.08.2022). «El 'falso' Maestro Shaolín que torturaba a sus víctimas en orgías de sangre». El Debate (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «El 'falso shaolín', condenado a 38 años por el asesinato de dos mujeres». El Correo (իսպաներեն). 30.04.2015. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  10. Segovia, Mikel (21.04.2015). «Maureen Ada Otuya sufrió estrangulamiento, pero dudan si existió ensañamiento». El Mundo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  11. 11,0 11,1 «Fallece la nigeriana agredida brutalmente por el supuesto monje Aguilar». El Correo Gallego (իսպաներեն). 05.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Шаолиньский монах из Бильбао признался в убийстве женщины». Noticia.ru (ռուսերեն). 04.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.