Կարո Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո (Կարլոս) Գերասիմի Մելիքսեթյան (1938, մայիսի 2, Ղաչաղան - 2016, մարտի 2, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։
Կարո Մելիքսեթյան | |
---|---|
Կարո Մելիքսեթյան 1968 թվականին | |
Ծննդյան անուն | Կարլոս Մելիքսեթյան |
Ծնվել է | 1938, մայիսի 2 |
Ծննդավայր | Ղաչաղան |
Վախճանվել է | 2016, մարտի 2 |
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և լրագրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1965) և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ (1977) |
Աշխատավայր | Գարուն |
Կենսագրություն
խմբագրելԿարո Մելիքսեթյանը ծնվել է 1938 թվականին Ալավերդու շրջանի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) Ղաչաղան գյուղում։ 1965 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Աշխատել է «Գարուն» ամսագրում որպես գրական աշխատող, ապա «Ավտոմեքենա և ճանապարհ» թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և Կոտայքի գրական միավորումներում։ 1969 թվականից եղել է Հայաստանի գրողների միության և ՀՀ Ժուռնալիստների միության անդամ։ 1970-1971 թվականներին եղել է Ալավերդու գրական միավորման նախագահը։ 1971-1975 թթ. ավագ խմբագիր էր ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և հաղորդումների պետական կոմիտեում։ 1975-1977 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում[1]։
Կարո Մելիքսեթյանը հեղինակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ։ Թարգմանություններ է կատարել լիտվական պոեզիայից։ 1987 թվականին հրատարակվել է «Չորս բառ» լիտվական մանկական բանաստեղծությունների ժողովածուն (թարգմանիչ՝ Կարո Մելիքսեթյան)։ 2004 թվականին «Էրեբունի-Երևան» մրցանակաբաշխության ժամանակ Երևանին նվիրված երգերի մրցույթում մրցանակ է շահել որպես տեքստի հեղինակ։ Արժանացել է Հայաստանի երիտասարդական երկրորդ փառատոնի դափնեկրի կոչման, մի շարք թերթերի կողմից սահմանված մրցանակների, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի (2008 թ․)։
Հիշատակ
խմբագրել2018 թվականի փետրվարի 6-ին Լոռու մարզպետի որոշմամբ Լոռու մարզի Արևածագի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Կարո Մելիքսեթյանի անունով։ Նրա մահից հետո կնոջ՝ Սուսաննա Ներսիսյանի կողմից 2016-2021 թվականներին լույս են տեսել հեղինակի «Արևի տակ մահ չկա», «Ոգու համաստեղություն», «Օրերի ոսկին» (Երևան, 2020 թ․, 253 էջ), «Ճերմակ ամպեր» (Երևան, 2020 թ․, 286 էջ), «Դարձ Արարատի» (Երևան, 2020 թ․, 178 էջ), «Սիրո դարպասներ» (Երևան, 2020, 309 էջ) բանաստեղծությունների ժողովածուները։
Մատենագիտություն
խմբագրելԺողովածուներ
խմբագրել- «Ադամամութ» (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1967, 47 էջ։
- «Ոսկե ափ», Երևան, «Սովետական գրող», 1977, 78 էջ։
- «Ոսկե փեթակ» (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1984, 72 էջ։
- «Զարդանկար այբուբեն»
- «Խոտի երգը», Երևան, «Սովետական գրող», 1982, 71 էջ։
- «Ուրախ օր», Երևան, «Արևիկ», 1988, 51 էջ։
- «Դժվար հալոցք», Երևան, «Սովետական գրող», 1990, 144 էջ։
- «Սիրո շեմ» (Սաղմոսներ առ Վրաստան), «Վան Արյան», 2000, 218 էջ։
- «Հարյուր ու մեկ տաղ»
- «Ոգի և հիշողություն» (2002 թ․)
- «Նավը՝ փրփուրի վրա», Երևան, «Իրավունք», 2007, 240 էջ[5]։
Մամուլ
խմբագրել- Կապույտ ճանապարհ։ «Գարուն», 1967, № 3, էջ 74-76։ (Երևանի ճոպանուղու մասին)։
- Լենին։ «Գարուն», 1967, № 4, էջ 3։
- Թերեզա Շահվերդյան․ «Միաբնույթ և տարաբնույթ մի քանի դարձույթների և բանադարձումների համատեղումը նույն տեքստում (ըստ Կարո Մելիքսեթյանի քնարերգության)», Միջազգային գիտաժողով․ լեզու, խոսք, իրականություն, էջ 400-410 (Վանաձորի պետական համալսարան|Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան), Երևան, 2017։
- Թերեզա Շահվերդյան․ «Տեքստի ոճաբանության մի քանի հարցեր՝ Կարո Մելիքսեթյանի պոեզիայի լեզվանյութի հիման վրա», Ջահուկյանական ընթերցումներ (Միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու), էջ 315-329, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 2017։
- Թումանյանական աշխարհ մշակութային գիտարան, էջ 525-526, Երևան, 2016։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 374։
- ↑ «ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ». Գրական Թերթ. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Կարո Մելիքսեթյան « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Թումանյանական աշխարհ» շաբաթաթերթ, 24 մարտի, 2016 թ., հինգշաբթի, համար 6(271)
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան».