Կարինի եկեղեցական ժողով (633 թ.), բյուզանդական Հերակլ կայսեր և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու միջև Կարին քաղաքում կայացած հանդիպում, որտեղ քննարկվել են Հայ և Հույն եկեղեցիներն անջրպետող դավանական խնդիրներ և ստորագրվել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ։

VII դ. սկզբին բյուզանդա-պարսկական պատերազմում հաղթելով Պարսկաստանին` Հերակլ կայսրը վերստին Բյուզանդիային է միացրել իր նախկին արևելյան նահանգները` Սիրիան, Պաղեստինը և այլն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան ուղղափառությունը։ Ցանկանալով վերականգնել պետության միասնականությունը, որը խաթարվել էր Քաղկեդոնի ժողովի (451) առաջ բերած դավանական պառակտման հետևանքով, ինչպես նաև ձգտելով հաշտեցնել Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի պատրիարքությունները Կ. Պոլսի աթոռի հետ՝ Հերակլը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) առաջ են քաշել դավանաբանական մի նոր բանաձև՝ միակամությունը, որը նրանց համոզմամբ ընդունելի պետք է լիներ երկու կողմերին։

Բյուզանդական կայսրը ծրագրել էր Քաղկեդոնի ժողովը մերժած Հայ եկեղեցու հետ ևս միության եզրեր փնտրել, քանի որ Սասանյանների պարտությունից հետո Հայաստանի մի շարք նահանգներ մտել էին կայսրության կազմի մեջ, և փորձել է Քաղկեդոնի ժողովի հետևանքով Հայաստանի և Բյուզանդիայի միջև առաջացած եկեղեցադավանական վիհը կամրջելու նպատակով Հայաստանում ևս տարածել միակամության դավանանքը։ Այդ նպատակով Հերակլը, բյուզանդական հայազգի զորավար Մժեժ Գնունու միջոցով, 633-ին Եզր Ա Փառաժնակերտցուն, բազմաթիվ եպիսկոպոսների ու վարդապետների հրավիրել է Կարին։ Չներկայանալու դեպքում՝ սպառնացել է Մորիկ կայսրի օրինակով հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել (590–611-ին գոյատևած Ավանի հակաթոռ քաղկեդոնիկ կաթողիկոսության նման)։

Եզր Ա Փառաժնակերտցին չորս եպիսկոպոսներով և երեք վարդապետներով (մնացած հրավիրյալները հրաժարվել են գնալ) Կարինում ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած «հավատո խոստովանության Գիրը», որը բովանդակել է ոչ թե քաղկեդոնական, այլ միակամության դավանանքը։ Կարնո ժողովին մասնակից հայ հոգևորականները ստիպված են եղել կայսրի և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի եկեղեցում։ Եզր Ա Փառաժնակերտցու ստորագրած դավանագիրը ժամանակի քաղաքական իրադրությունից պարտադրված քաղաքական-դիվանագիտական մի ակտ էր՝ ոչ մի եկեղեցում ամուր հող չգտած վաղանցիկ դավանական մի բանաձևի՝ միակամության վերաբերյալ։

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Կարինում տեղի ունեցածը ժողով չի համարել, քանի որ նիստեր տեղի չեն ունեցել, որոշումներ ու կանոններ չեն ընդունվել։ Պարզապես եղածը մի կայսերական հրաման էր, որին հայերը, առկա քաղաքական կացության հետևանքով, արաբական արշավանքների օրըստօրե մեծացող վտանգի դեմ հանդիման, անհրաժեշտ են համարել ենթարկվել և համագործակցել բյուզանդացիների հետ։

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 323