Կարմրան Կոչի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Կարմրանածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Տեսակ Կարմրան Կոչի
Լատիներեն անվանում
T. Kotschyi Bge


Կարմրան Կոչի (լատ.՝ T. Kotschyi Bge), կարմրանազգիների ընտանիքի, կարմրան ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ թուփ է՝ մինչև 6 մ բարձրությամբ, որը հաճախ աճում է ծառանման, մոխրագույն կամ գորշամոխրագույն կեղևով։ Միամյա շիվերը ուղիղ են, հաստ, բաց դարչնագույն կամ կարմրադարչնագույն։ Տերևները լայն-ձվաձև են, մինչև 2 մմ երկարությամբ, ամուր հպված ճյուղերին, կղմինդրաձև դասավորված, կռճիկանման ծայրերով։ Ամռանը և աշնանը ծածկված են աղաշերտով, որը ամբողջ բույսին տալիս է կապտամոխրագույն գունավորում։ Ծաղկաողկույզները կողմնային են, վարդագույն, միայնակ, մինչև 4 սմ երկարությամբ, նստած կարճ կոթունների վրա։ Ծաղկապատը հասնում է մինչև 2,5 մմ երկարության, չոր, կաշվեկերպ է, շիկավուն, կիսաթափանցիկ, ձվաձև-նշտարաձև կամ լայն գծանման կեռիկավոր։ Ծաղիկը 4 անդամանի է, բաժակը 1 մմ երկարությամբ, օվալաշեղանկյուն մասնիկներով։ Պսակաթերթիկները վարդագույն կամ հարդագույն են, մինչև 2 մմ երկարությամբ։ Ենթավարսանդային սկավառակը 4 մասանի է, գրեթե խաչաձև, մուգ գույնի։ Փոշանոթները սպիտակ են կամ բաց դեղնավուն։ Վարսանդը ունի կոնաձև սերմնարան և 3-4 բլթականի սռնակ։ Տուփիկը մինչև 5 մմ երկարություն ունի, բաց դեղնավուն է և պարունակում է մինչև 15 սերմ, որոնք գագաթին փուփուլիկ ունեն։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում և Մեղրիում, որտեղ աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1600 մ բարձրության վրա։

ԾանոթագրություններԽմբագրել