Կարմիր դրոշակ (թերթ, Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր դրոշակ (այլ կիրառումներ)
«Կարմիր դրոշակ», խորհրդային շրջանի հասարակական-քաղաքական թերթ, Հայկական գործերի կոմիսարիատի հրատարակություն։ Հանդիսացել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության» օրգանը։ Լույս է տեսել 1919 թվականին, Մոսկվայում։ Խմբագիր՝ Արտաշես Կարինյան։ Լուսաբանել է Կոմունիստական կուսակցության գործունեությունը, խորհրդային գաղափարախոսությամբ ներկայացրել է Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի քաղաքական իրավիճակը։ Դեմ է արտահայտվել հայ ազգայնական շարժումներին, անդրադարձել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքին։
Տպագրել է Գուրգեն Հայկունու «Պրոլետարական հեղափոխությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը», «Բանվոր Հայկ» ծածկանունով Հայկ Բժշկյանի (Գայ) «Բարձրագույն զինվորական կազմը», «Կարմիր բանակ» հոդվածները։
Թերթին աշխատակցել են Վահան Տերյանը, Աննա Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աթաբեկյանը, Սերգեյ Մարտիկյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 333)։ |