Խրիսոխիր
Խրիսոխիր, Խրիսոքիր (հուն․՝ Χρυσόχειρ՝ ոսկեձեռնյան (ծն. թ. անհտ. — 872)), պավլիկյանների գլխավոր զորահրամանատարը 863—872 թթ.-ին։ Խրիսոխիրը նույն սպաթար Հովհաննես Խրիսոքիրն է։ Ազգությամբ՝ հայ, որին Փոտ պատրիարքը նամակներ է հղել։ Խրիսոխիրի հայրը նույնպես պավլիկյան էր։ Խրիսոխիրը հաջորդել է հորեղբորորդուն (կամ մորեղբորորդի)՝ Կարբեասին։
Խրիսոխիր | |
---|---|
Ծնվել է | 9-րդ դար |
Մահացել է | 872 |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Խրիսոխիրի օրոք պավլիկյանների զինվորական հզորությունը հասել է բարձրակետին։ Խրիսոխիրի գլխավորությամբ նրանք ներխուժել են Բյուզանդական կայսրություն՝ հասնելով մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմեդիա։ Վասիլ I 869 թ.-ին և 871 թ.-ին արշավել է Խրիսոխիրի դեմ և պարտվել։ Խրիսոխիրի և կայսեր դեսպան Պետրոս Սիկիլիացու բանակցությունները (869) Դիվրիգում հաջողություն չեն ունեցել. Բյուզանդիան չի ընդունել Խրիսոխիրի պայմանը՝ հրաժարվել արլ-ում ունեցած տիրապետությունից։ Այնուհետև Խրիսոխիրը ծրագրել է քարոզիչներ ուղարկել քրիստոնեությունը նոր ընդունած (866) Բուլղարիա՝ պավլիկյան գաղափարներն այնտեղ տարածելու նպատակով։ 872 թ.-ին Վասիլ I Արմենիակների և Խարսիանոն բանակաթեմերի զորքերով Խրիսոխիրի դեմ է ուղարկել զորապետ Քրիստափորին, որը Վաթիռիաքս վայրում (Սեբաստիայից հյուսիս-արևմուտք) հաղթել է պավլիկյաններին։ Խրիսոխիրն ընկել է մարտի դաշտում՝ դավաճան Պուլադեսի (Փոլադ) ձեռքով։ Կիսամեռ Խրիսոխիրի գլուխը կտրել և ուղարկել են կայսրին։ Դրանից հետո բյուզանդական զորքերը գրավել են պավլիկյանների կենտրոն Տևրիկը և մի շարք բերդեր։
Խրիսոխիրի կերպարը՝ հանձին «Խրիսոխերպոսի», արտացոլվել է բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։
Գրականություն
խմբագրել- Կոնստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6, Բյուզանդական աղբյուրներ, 2)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 94)։ |