Կապիտալիզմի զարգացումը Հարավային Կովկասում

Կապիտալիզմի զարգացումը Հարավային Կովկասում, Հարավային Կովկասում կապիտալիստական հարաբերությունների ձևավորում։ Արդյունաբերության մեջ այդ հարաբերությունները ձևավորվել են 19-րդ դարի վերջին, որը համեմատաբար ուշ է համարվում, բայց զարգացել են արագ տեմպերով, արտադրության համակենտրոնացման ու կենտրոնացման պայմաններում՝ օտարերկրյա կապիտալի գերիշխանության ներքո։

Արդյունաբերության զարգացում խմբագրել

Հարավային Կովկասում արդյունաբերությունը զարգացել է արտադրության համակենտրոնացման ու կենտրոնացման պայմաններում՝ օտարերկրյա (շվեդական, ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, բելգիական) կապիտալի գերիշխանության ներքո։

Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ առաջին փայատիրական ընկերությունը հիմնվել է 1887 թվականին, իսկ 1897 թվականին ներառվել «Կովկասի արդյունաբերական մետաղագործական ընկերության» (ԿԱՄԸ) մեջ։ Վերջինս 1910 թվականին իրեն է միացրել «Շահալի-էյլար» ֆրանսիական ընկերությունը (հիմնված 1902 թվականին) և 1913 թվականին տվել Հայաստանի պղնձարդյունաբերության արտադրանքի 85,4 % -ը։ Պղնձարդյունաբերության հետագա ընդլայնման և համակենտրոնացման շնորհիվ 1907 թվականին ստեղծվել է Պղնձի համառուսական սինդիկատը, որը Հարավային Կովկասում ընդգրկում էր մի քանի ընկերություններ և ձեռնարկություններ.

  • Կովկասի արդյունաբերական մետաղագործական ընկերություն (ԿԱՄԸ)
  • Կովկասի պղնձարդյունաբերության ընկերություն
  • Սիմենսի ժառանգների Գեդաբեկի ու Կվարցխանայի ձեռնարկություն
  • Ա․ Մելիք-Ազարյանցի ձեռնարկություն։

Պղնձարդյունաբերության ձեռնարկություններն իրենց արտադրանքն իրացնում էին անգլո-ռուսական ՎՕԴԱՈԻ ընկերության (Մոսկվա-Պետերբուրգ-Լոնդոն) միջոցով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Հարավային Կովկասի նավթային արդյունաբերության մեջ գերիշխում էր անգլո-ամերիկյան, երկաթուղային տրանսպորտում՝ անգլո–բելգիական կապիտալը։ Ռուս խոշոր կապիտալիստ Շուստովի ձեռնարկությունները 1913 թվականին տվել են Հայաստանում գինու, օղու և կոնյակի արտադրության 61%-ը։ Կապիտալի կենտրոնացման յուրահատուկ պրոցես է տեղի ունեցել նաև վարկային գործում, ուր իշխել է ռուսական կապիտալը։ Ռուսաստանի խոշորագույն բանկերն իրենց բաժանմունքներն են ունեցել Հարավային Կովկասի բոլոր մեծ քաղաքներում։

1914 թվականին Երևանի նահանգում գործում էր շուրջ տասը բանկային հաստատություն, Երևան քաղաքում՝ Վոլգա-Կամայի, Թիֆլիսի, Ազովի-Դոնի առևտրական բանկերի բաժանմունքները։ Վերջինիս միջոցները Հայաստանի վարկային համակարգի բոլոր հաստատությունների կապիտալի կեսից ավելին էին։ Բանկերը, վարկային գործառնություններից բացի, բազմաթիվ փայատիրական ձեռնարկություններում խոշոր կապիտալ ներդրումների միջոցով, ծավալում էին առևտրա-արդյունաբերական լայն գործունեություն։

Բանկային և արդյունաբերական կապիտալի միաձուլումը գաղութային ծայրամասերում հաստատում էր մետրոպոլիայի ֆինանսական կապիտալի գերիշխանություն։ Հարավային Կովկասը 20-րդ դարի սկզբին արդեն Ռուսաստանի արդյունաբերական խոշոր շրջաններից էր․

  • Ճիաթուրայի հանքերում արտադրվում էր մանգանի համաշխարհային հանույթի 35-40%-ը
  • Բաքուն տալիս էր Ռուսաստանի նավթարդյունաբերության արտադրանքի շուրջ 80%-ը
  • Հայաստանը՝ պղնձի արտադրության 16,6%-ը և ավելի շատ կոնյակ, քան Ռուսական կայսրության մյուս բոլոր շրջանները։

Կապիտալիստական հարաբերություններ խմբագրել

Հարավային Կովկասում և Հայաստանում կապիտալիստական հարաբերությունները կրում էին ռուսական իմպերիալիզմին բնորոշ առանձնահատկությունների կնիքը։ Հարավային Կովկասի գաղութացման ցարիզմի քաղաքականության սոցիալական հենարան հանդիսացող տեղացի կալվածատերերն ունեին ռուս ազնվականության իրավունքներն ու արտոնությունները։ Մեծ ու միջակ կապալառուները, որպես ինքնատիպ կապիտալիստների դասակարգ, հողատեր ազնվականների հետ հաստատել էին իրենց տնտեսական և քաղաքական գերիշխանությունը։

Պատերազմի հետևանքներ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի հետևանքներ ունեցավ հատկապես հայ ժողովրդի համար։ Ցարիզմը, Արևելքը տիրելու քաղաքականությունն իրականացնելու համար, Հարավային Կովկասը կամուրջ էր համարում։ Եվրոպական պետությունների թվում Ռուսաստանը նույնպես օգտագործում էր «Հայկական հարցը»։ Թուրքական իշխանություններն իրագործեցին հայերի բնաջնջման հրեշավոր ծրագիր, ոչնչացվեց 1,5–2 միլիոն մարդ և ավերվեց երկրի տնտեսությունը։ Սոցիալական հակասությունների խորացման ընթացքում հասունանում էր հեղափոխական իրադրությունը։ Հեղափոխական շարժումները կայսրության մյուս ծայրամասերի թվում տարածվում էին նաև Հայաստանում։

Դասակարգային պայքար խմբագրել

Կալվածատիրական բռնությունների և ցարական աստիճանավորների դեմ գյուղացիության բողոքները մի շարք դեպքերում ընդունում էին զինված ընդհարումների տեսք (Հաղպատում, Էջմիածնի, Նոր Բայազետի և այլ շրջանների գյուղերում), սրվում էր դասակարգային պայքարը։ Դարասկզբին Հայաստանի մի շարք մարզային կենտրոններում ստեղծվեցին սոցիալ–դեմոկրատական կազմակերպություններ, որոնք եռանդուն գործունեություն էին ծավալում աշխատավորների պայքարի կազմակերպման ու ղեկավարման գործում։ Բանվորական շրջաններում ծավալվող գործադուլները (Ալավերդիում, Ղափանում, Երևանի նահանգի երկաթուղային հանգույցներում) աշխատավորության շարժումները դարձնում էին զանգվածային, դրանց հաղորդում քաղաքական, հեղափոխական բնույթ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, Ռուսաստանում տապալելով ցարիզմը, պայմաններ ստեղծեց նաև հայ ժողովրդի վերածննդի համար։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ըստ ՀՍՀ, Իմպերիալիզմ էջ 328
  • Ադոնց Մ․ Հ․, Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը 20-րդ դարի սկզբին, Երևան, 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։