Կաշվի արտադրական միավորում

Երևանի Ստեփան Շահումյանի անվան կաշվի արտադրական միավորում, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ Հայաստանում։

Հիմնադրվել է 1965 թվականին։ Ներառել է Երևանի կաշվի գործարանը (գլխամասային ձեռնարկություն) և կոշիկի հումքի ընդունման և նախնական մշակման Մասիս քտա-ի մասնաճյուղը։

Երևանի կաշվի գործարանը հիմնադրվել է 1894 թվականին։ Սկզբնական տարիներին կիսատնայնագործական եղանակով տարեկան մշակել է մոտ 3 հազար մորթի։ 1902-1903 թվականին ներդրվել են թմբկագլանման եղանակով կաշվի մշակման մեքենաներ։ Հայաստանի ժողկոմխորհի 1921 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ գործարանը պետականացվել է։ 1928 թվականին մասնակիորեն վերակառուցվել է։ Դրա շնորհիվ 1940 թվականին, 1920 թվականի համեմատ, կաշվի արտադրության ծավալն աճել է 20 անգամ (ըստ Հայկական սովետական հանրագիտարանի1961 թվականից սկսվել է գործարանի նոր վերակառուցումը. գործարկվում են արտադրական մասնաշենքը, օժանդակ և կենցաղային նշանակության մի շարք շինություններ, ներդրվում ներկող, մամլող, փայլեցնող բարձրարտադրողական մեքենաներ ու սարքավորումներ։ Գործարանն ունեցել է կրային դաբաղման և ներկման-հարդարման 2-ական, կոշտ կաշվի մշակման արաադրամասեր։ Թողարկել է կոշտ ու փափուկ կաշի (1977 թվականին, համապատասխանաբար՝ 50 և 247 միլիոն դմ2)։ Արտադրությունը կազմակերպվում է տեղական (քառորդ մասը) և ներմուծվող (Ուկրաինայից, Ղազախստանից, մերձբալթյան հանրապետություններից, նաև ոչ խորհրդային պետություններից) հումքի բազայի վրա։ Կոշտ կաշին ամբողջովին, փափուկ կաշվի 80%-ն առաքվում է կոշիկի տեղական (հիմնականում Երևանի կոշիկի «Մասիս» արտադրական միավորման), մնացածը՝ Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի ձեռնարկություններին։ 1953 թվականին կրել է բոլշևիկ Ստեփան Շահումյանի անունը։

Մասիսի մասնաճյուղը (հիմնադրվել է 1965 թվականին)։ իրականացրել է կաշվի հումքի ընդունման, նախնական մշակման, արտադրական խմբաքանակների կազմման և գլխամասային ձեռնարկությանը մատակարարման ֆունկցիաները։ 1971 թվականին միավորումը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 246 CC BY-SA icon 80x15.png