Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5 - 27,5 սմ կտուցը հաստ է՝ վարդագույն երանգով, առաջնային փետուրներիհիմքը և պոչը՝ վառ դեղին երիզներով։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը դեղին - կանաչ է, թևին և պոչին կան վառ դեղին հատվածներ, թևի միջին մասը բաց կապույտ-մոխրագույն է։ Էգն ավելի խամրած է և ավելի դարչնագույն։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը խամրած կանաչավուն դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով, արուն՝ ավելի կանաչ, քան էգը։
Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով և այլ բուսական կերով։
Գարնան ամենավաղ լիարժեք երգը և էգերին հետապնդող արուները գրանցվում են հունվարի 2 - րդ տասնօրյակից։ Համատարած հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ մարտի 1- ի տասնօրյակից հուլիսի կեսերը, առանձին դեպքերում արուի լիարժեք երգը լսվում է օգոստոսի վերջին։ Բնի կառուցումը սկսվում է մարտի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից և այլ բույսերի կտորտանքներից։ Բնադրում է ծառերին։ Ձվերը բներում հայտնվում են մարտի 2 - րդ տասնօրյակից մինչև հուլիսի կեսերը։ Դնում է 21 մմ տրամագծով, մոխրագույն, սպիտակ՝ մուգ պտերով 4 - 6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 - 14 օր։ Ձագերին կերակրում են արուն և էգը՝ 13 - 14 օր, որից հետո ձագերը դուրս են գալիս բնից և 1 շաբաթ անց ձեռք բերելով աներեր թռչելու ունակություն՝ հեռանում են ծնողներից։ Կրկնակի բնադրման են անցնում հունիսի կեսերից։ Երիտասարդներից ու հասուններից կազմված աշնանային խմբերը պահպանվում են մինչև հաջորդ տարվա գարունը։ Նուրբ կանաչ երանգով փետրավորման և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։