«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» գրքի կազմը, (հրատ.՝ Lacroix Editeur, նկարիչ՝ Իպպոլիտ Բուլենժե)
«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» գրքի կազմը, (հրատ.՝ Lacroix Editeur, նկարիչ՝ Իպպոլիտ Բուլենժե)

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, լրիվ խորագիրն է՝ Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, նրանց հերոսական, զվարճալի ու պանծալի արկածները Ֆլանդրիայում և այլուր (ֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs), Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի 1867 թվականին լույս տեսած հայտնի վեպն է։ Համարվում է բելգիական գրականության գլուխգործոցը։

Շառլ դը Կոստերի վեպը պատմական վեպի և լեգենդի հյուսվածք է։ Նրա հիմքում 16-րդ դարի Նիդերլանդական ժողովրդի անհաշտ պայքարն է իսպանական բռնակալության դեմ։ Գյոզերի, չքավոր դասի և գյուղացիության կռիվն է ազատվելու մոլեռանդ, մարդատյաց Ֆիլիպ II-ի լծից և պապական ինկվիզիցիայի զարհուրանքներից։ Վեպի գործողությունները սկսվում են 1527 թվականի մայիսի 21-ին՝ երկու տղաների ծնունդով։ Մեկը Ֆիլիպն է Իսպանիայի արքայազնը, հետագայում արյունարբու թագավորը, մյուսը՝ ածխագործի որդի Թիլ Ուլենշպիգելը։ Վեպի հերոսը՝ Թիլ Ուլենշպիգելը, կենսուրախ, ազատաբաղձ անձնավորություն տեսնելով իր ժողովրդի տառապանքները, անասելի կեղեքումներն ու ինկվիզիցիայի անիրավությունները դառնում է անձնվեր ազգային գործիչ, միանում գյոզերի ազատարար կռվին։

Թիլը հոր աճյունի մի մասը քսակի մեջ դրած կրում է կրծքի վրա, որը նրան միշտ մղում է վրեժի ու կռվի։ Թիլը մենակ չէ իր գործերի մեջ, նրա հետ է իր սիրած աղջիկը՝ հեզ ու բարի Նելեն և ուղեկից ընկեր՝ պարզամիտ ու դանդաղաշարժ Լամմե Գուդզակը։ Ժողովուրդը խորհրդանշող հերոսն ու իր ընկերուհին երբեք չեն ծերանում և անմահ են։ Նրանք ապրում են մի աշտարակում, որտեղից տեսնում են ողջ Ֆլանդրիան և հսկում նրա բախտը ...

Շարունակել