Ծնողական փառքի մեդալ

Ծնողական փառքի մեդալ - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Ծնողական փառքի մեդալի ժապավեն
Ծնողական փառքի մեդալի վկայական

Մեդալի կարգավիճակըԽմբագրել

Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողներըԽմբագրել

Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում։

Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին։

Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։

Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով[1]։

Պարգևատրման միջնորդությունըԽմբագրել

Հանրապետության Նախագահը մեդալով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Ծնողական փառքի մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով։

Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականները[2]։

Կրելու կարգըԽմբագրել

Ծնողական փառքի մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից, Մարտական ծառայության մեդալից, Մխիթար Գոշի մեդալից, Մխիթար Հերացու մեդալից, Անանիա Շիրակացու մեդալից, Մովսես Խորենացու մեդալից և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալից և «Աշխատանքային վաստակի համար» մեդալից հետո։

Մեդալի նկարագրությունըԽմբագրել

Մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ծնողական փառքի մեդալը բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված ոսկեգույն uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝ փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է՝ հայր, մայր և երեխա՝ արևի ճառագայթների ներքո։ Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերևում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է։

Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով։

Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը և թռչնի թևի տեսք։ Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է և դեպի այն թռչող աղավնի՝ կտցին ձիթենու ճյուղ։ Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով[3]։

Պարգևատրման վիճակագրությունըԽմբագրել

2015 թ. մայիսի 19-ի դրությամբ մեդալով պարգևատրվել է 3 ընտանիք (ամուսնական զույգ) (6 անձ, որոնցից 1-ը՝ հետմահու)։

Բոլոր 6 պարգևատրվածները ՀՀ քաղաքացիներ են։

6 պարգևատրվածներից 3-ը տղամարդ է, 3-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2014 թ. - 1 ընտանիք։
  • 2015 թ. - 2 ընտանիք։

Երախտագիտության մեդալակիրներըԽմբագրել

Հիմնական հոդված՝ Ծնողական փառքի մեդալակիրների ցանկ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումԽմբագրել