Մխիթար Հերացու մեդալի ժապավեն
Մխիթար Հերացու մեդալի վկայական

Մխիթար Հերացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մխիթար Հերացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Անանիա Շիրակացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակըԽմբագրել

1993-2014Խմբագրել

1993 թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Հերացու մեդալը շնորհվում էր Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար։

ՆերկայումսԽմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողներըԽմբագրել

1993-2014 թթ.Խմբագրել

1993 թ. ընդունված օրենքի համաձայն՝ Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք։

ՆերկայումսԽմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաև բարեգործները[1]։

Պարգևատրման միջնորդությունըԽմբագրել

1993-2014 թթ.Խմբագրել

1993 թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների կողմից։

ՆերկայումսԽմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Կրելու կարգըԽմբագրել

1993-2014 թթ.Խմբագրել

1993-2014 թթ. Մխիթար Հերացու մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Գոշի մեդալից հետո։

ՆերկայումսԽմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։

Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, իսկ վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի նկատմամբ։

Մեդալի նկարագրությունըԽմբագրել

1993-2014 թթ.Խմբագրել

1993-2014 թթ. հանձնվող Մխիթար Հերացու մեդալն իրենից ներկայացնում է հավասարաչափ կորագծային խաչ, անկյուններում՝ զարդերով, որի կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետևում հիվանդը՝ պառկած կեցվածքով։ Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։ Խաչն ունի եզրաշերտ։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է։ Խաչի վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում տեղադրված է կյանքի հավերժության նշանը և մակագրություն՝ «Մխիթար Հերացի»։ Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։ Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը թունդ կապույտ գույնի է։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։ Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

ՆերկայումսԽմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է՝ պառկած դիրքով։

Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում՝ կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը։ Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը մուգ կապույտ է։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։

Պարգևատրման վիճակագրությունըԽմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 100 անձ։

100 պարգևատրվածներից 79-ը ՀՀ, 21-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 21 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը՝   ԱՄՆ, 5-ը՝   Արգենտինայի, 4՝   Ֆրանսիայի, 3՝   Սիրիայի, 1-ական՝   Կանադայի,   Ավստրալիայի և   Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

100 պարգևատրվածներից 66-ը տղամարդ են, 34-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 4,
  • 2009 թ. - 7,
  • 2010 թ. - 6,
  • 2011 թ. - 32,
  • 2012 թ. - 8,
  • 2013 թ. - 10,
  • 2014 թ. - 20,
  • 2015 թ. - 12,
  • 2016 թ. փետրվարի 4-ի դրությամբ - 1 անձ։

ՄեդալակիրներըԽմբագրել

Հիմնական հոդված՝ Մխիթար Հերացու մեդալակիրները

ԾանոթագրություններԽմբագրել