Ծեր կատուն և դեռատի մկնիկը
Ծեր կատուն և դեռատի մկնիկը, Լաֆոնտենի համանուն առակի պատկերազարդումը Տիգրան Փոլատի կողմից։ Փոքրիկ մկնիկն ընկել է կատվի ձեռքը։ Մկնիկն աղերսում է իրեն ազատ արձակել` խոստանալով գիրանալ և նրա որդիների կերը դառնալ։ Սակայն կատուն շատ անողորմ էր և, չլսելով մկնիկին, ազատ չի արձակում և ուտում է նրան։
Ծեր կատուն և դեռատի մկնիկը | |
---|---|
տեսակ | Պատկերազարդում |
նկարիչ | Տիգրան Փոլատ |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | բարու և չարի հակադրություն |
Ծանոթագրություններ |
Այլաբանություն և իմաստ խմբագրել
Փոլատը կենդանիներին փոխարինել է մարդկանցով։ Կատվի դերում հանդես է գալիս մի ծեր բուրժուա, որը մտել է մի երիտասարդ կնոջ սենյակ և, ինչ-որ իրավական վկայագիր ձեռքին, նրան պահանջ է ներկայացնում։
Մկնիկը խորհրդանշողը մի խեղճ կին է` կիսամերկ վիճակում նստած անկողնում։ Նա մեղավորի նման աղերսալի հայացքն ուղղել է ներս եկողին` սպասելով նրա դատավճռին։ Կնոջ տրամադրությունը վկայում է նրա անելանելի, անօգնական խեղճ կացությունը, որի բախտը ծերուկի ձեռքում է։ Կինը վախեցած է։ Հավանաբար փողոց նետվելու վտանգն է նրան համակել վախի զգացումով։ Նա կուչ է եկել ծանր հոգեվիճակում։
Այս դրության մեջ նա թակարդն ընկած մկնիկի է նման, որը ելք չի գտնում ազատվելու ծերուկի հետապնդումից։ Ստեղծված կացությունը կնոջ հանդեպ խոր կարեկցանք էր առաջ բերում, մանավանդ երբ տեսնում ենք նրա խղճալի կացությունը` կախ ընկած հնամաշ շապիկի տակից երևացող նրա դեռատի դողդոջուն մարմինը, համակրելի դիմագիծը, բարեկազմ ֆիգուրը։ Նկարիչը այդ քնքուշ էակին հակադրել է խիստ արտահայտությամբ դաժան, անողոք, հակակրանք առաջացնող ծերունուն։
Թույլին և ուժեղին, հարստին և աղքատին ցուցադրելու նկարչի միտումն ակնառու է։ Առակի այլաբանությունը հասարակության ներսում գոյություն ունեցող սոցիալական անարդարության փաստն է[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987