Խորշակ, բարձր ջերմությամբ և հարաբերական ցածր խոնավությամբ օժտված չոր ու տաք քամի տափաստաններում և կիսաանապատներում։ Վնասակար կամ կործանարար է դաշտային կուլտուրաների համար։ Նման քամիներ լինում են նաև երկրագնդի այլ շրջաններում։ Խորշակի ժամանակ ուժեղանում է գոլորշիացումը, և հողում խոնավության պակասի պատճառով բույսերը թառամում ու ոչնչանում են։

ԱռաջացումԽմբագրել

Որպես խորշակի չափանիշ ընդունվում է միաժամանակ դիտվող օդերևութաբանական տարրերի գումարը` հարաբերական խոնավությունը` փոքր կամ հավասար 30 %, ջերմաստիճանը` 25°, քամու արագությունը` մեծ կամ հավասար 5 մ/վ։ Սովորաբար խորշակների ներթափանցման ժամանակ մշակաբույսերը գտնվում են բուռն զարգացման փուլում, որի պատճառով նկատվում է բերքատվության զգալի անկում, իսկ առանձին դեպքերում նաև բույսերի ոչնչացում։ Քանի որ խորշակային եղանակները տևում են մի քանի օր (մինչև 5-6 օր), այդ պատճառով բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության մշակույթից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից։ Բույսերի վրա խորշակների ազդեցությունը խորանում է հողում խոնավության պակասի պատճառով, երբ խզում է առաջանում տրանսպիրացիայի միջոցով գոլորշացող և արմատային համակարգով ջրի մուտքի միջև։ Խորշակային օրերին ոռոգելի դաշտերը գրեթե չեն տուժում [1]։

Խորշակների օրական ընթացքը նման է ջերմաստիճանի և քամու արագության ընթացքին և լավ արտահայտվում է ցերեկային ժամերին։ Տարվա ընթացքում ամենից վտանգավոր, ինտենսիվ խորշակներ դիտվում են հուլիս և օգոստոս ամիսներին։ Կարճատև խորշակները բույսերի համար ավելի քիչ վնասակար են, քան երկարատև խորշակները։ Պարզվել է, որ եթե հողում առկա է խոնավության բավարար քանակ`20 մմ`0-20 սմ շերտում, ապա հացահատիկային ցանքերը, պտղատուները և խաղողի վազն առանց լուրջ վնասի կարող են դիմանալ թույլ խորշակներին`մինչև 5 օրվա ընթացքում, միջին ինտենսիվության դեպքում` 3-4 օրվա, ինտենսիվները` 2-3 օրվա և շատ ինտենսիվ խորշակները` 1-2 օրվա ընթացքում

Խորշակների ինտենսիվությունԽմբագրել

Խորշակների ինտենսիվությունն ըստ Ե.Ա. Ցուբերբիլերի որոշվում է քամու արագության և օդի հագեցման պակասորդի (ժամը 13:00) համադրությամբ։

Խորշակի ինտենսիվություն Հագեցման պակասորդի արժեքները
(ժամը 13:00-ին ≥8 մ/վ քամու արագության դեպքում)
Հագեցման պակասորդի արժեքները
(ժամը 13:00-ին <8 մ/վ քամու արագության դեպքում)
Թույլ 15-19 20-29
Միջակ 20-29 30-39
Ինտենսիվ 30-39 40-49
Շատ ինտենսիվ ≥ 40 ≥ 50

ՀետևանքներԽմբագրել

Խորշակները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը` վնասելով բույսերին`նրանց զարգացման տարբեր փուլերում։ Խորշակներով պայմանավորված բերքատվության կորուստն էապես կախված է երկրագործության կուլտուրայից և ագրոտեխնիկական միջոցառումների մակարդակից։

Խորշակների վտանգավորությունը, ինչպես ցույց է տվել Ե. Ցուբերբիլերը, ուղիղ կոռելյացիոն կապի մեջ է օդի խոնավության պակասորդի և քամու արագության հետ։ Հայաստանում խորշակները սովորաբար փչում են անընդմեջ 2-5 օր, առանձին դեպքերում մինչև 7 օր, որից տուժում են ոռոգվող ցանքատարածությունները և մինչև անգամ պտղատու կուլտուրաները։

Խորշակի կանխումԽմբագրել

Խորշակների ազդեցությունը մեղմելու նպատակով կիրառվում են մի շարք միջոցառումներ և նոր տեխնոլոգիաներ՝ դաշտային մշակաբույսերի հարմարվողականությունը բարձրացնելու համար։ Առավել կարևոր են երաշտադիմացկուն (չորադիմացկուն) մշակաբույսերի և սորտերի ներդնումը, հատկապես այն շրջաններում, որտեղ երկրագործությունը տարվում է անջրդի պայմաններում։ Պետք է ընտրել այմպիսի սորտեր, որոնք իրենց ժառանգական հատկանիշներով ավելի դիմացկուն են հողի և օդի չորության նկատմամբ և երաշտի պայմաններում կարող են ապահովել նորմալ բերք [5]: Անջրդի պայմաններում կարևոր նշանակություն ունեն ցանքաշրջանառության կիրառումը։ Չորային շրջաններում հողերի անկանոն մշակումը պատճառ է դառնում հողի կառուցվածքի փոփոխման, հողատարման երևույթների ուժեղացման, հետևաբար և հողերի բերրիության անկման։ Այդ պատճառով պետք է ներդրվեն հողի մշակության այնպիսի եղանակներ, որոնք կմեծացնեն հող ներթափանցող ջրի քանակը և հողաշերտում կուտակվող ջրի ծավալը։ Կարևոր է նաև մշակաբույսերի ճիշտ պարարտացումը [2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. А. Алпатьев, Влагаоборот культурных растеный. Л., 1954.
  2. Մ.Ս. Գյուլխասյան, Կլիմայի փոփոխության պայմաններում դաշտային մշակաբույսերի հարմարվողական միջոցառումների տեխնոլոգիական կարիքների գնահատումը։ Կլիմայի փոփոխության հիմնահարցերը, Երևան 2003։

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90