Խորեն Գասպարյան
Խորեն Մահարիկի Գասպարյան (նոյեմբերի 8, 1961, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանիչ, 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Խորեն Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1961 (61 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՎՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Վիճակված է այսպես (համաշխարհային պոեզիայի ծաղկաքաղ-անթոլոգիա) |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | ՎՊՀ |
Պարգևներ | ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից արժանացել է պատվոգրի Արժանացել է Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրի։ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 8-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր)։
Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան) լեզվագրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը։ Եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1996-2005)։ ԱՄՆ-ում ստացել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության դասընթացների մասնակցի վկայական (2003)։
Եղել է Վանաձորի քաղաքապետի օգնականը՝ լրատվության գծով (2005-2012)։ Թարգմանական արվեստ, ժուռնալիստիկա և մշակութաբանություն է դասավանդել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 2012 թ. դեկտեմբերից Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենն է։
Գրական գործունեությունԽմբագրել
Նրա բանաստեղծությունները, պատմվածքները և թարգմանությունները տպագրվել են գրական տարբեր ժողովածուներում, գրական մամուլում՝ «Երկունք» «Գարուն», «Նոր դար», «Գրական թերթ», «Հորիզոն», «Սատիրիկոն», «Նարցիս», ԱրտԳրականություն և այլն։ Նրա բանաստեղծություններից տպագրվել են ուկրաիներեն՝ Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ, պատմվածքներից՝ անգլերեն։
Թարգմանում է անգլերենից և ռուսերենից։
ՀՀ ժուռնալիստների միության և Հայաստանի գրողների միության անդամ է։
ԵրկերԽմբագրել
- Վիճակված է այսպես (համաշխարհային պոեզիայի ծաղկաքաղ-անթոլոգիա), Երևան, 2000։
- Իմաստության ուսուցիչը (Օսկար Ուայլդի արձակ բանաստեղծությունների թարգմանություն), Երևան, 2012
- «Ռուս այլախոհական պոեզիա» (անթոլոգիա, թարգմանություն ռուսերենից), Ստեփանակերտ, 2015
- Սյուն Շի-Ի, «Երկնային կամուրջը» (վեպ, թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2016
- Դոնգ Քիանգ «Կացարաններ. չինական բանահյուսություն» (թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2017
- Սյաո Ցյան, «Վիշապի մորուքներն ընդդեմ նախագծերի» (էսսեներ, դասախոսություններ,վիպակ, թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2017
- «Աղի ձայնը» (20-րդ դարի հետութսունական թվականների սերնդի չին գրողների պատմվածքների ժողովածու, թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2018
- Չժան Յավեն, «Դարերի կանչը։ Մտորումներ Հոնկոնգի մասին. իրական պատմություն» (թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2020
- «Վալերի Բրյուսով. Բանաստեղծություններ և արձակ» (գրքի 35 բանաստեղծություն ռուսերենից թարգմանել է Խ. Գասպարյանը), Երևան, 2021
- Սլավենկա Դրակուլիչ, «Ֆրիդա կամ՝ ցավի մասին» (թարգմանություն անգլերենից), Ստեփանակերտ, 2022
- Ռուսերենից թարգմանել է նաև «Մեր երկնային պաշտպանները. Կարելիայի սրբերը» գրքի առանձին գլուխներ և գրքի բանաստեղծությունները, Իվանովո, 2017
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 2003 թվականին արժանացել է Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրի։
- 2010 թվականին հայոց լեզվի զարգացման, գրքի տարածման և քարոզչության գործում ունեցած մեծ ավանդի և Մայրենիի միջազգային օրվա առթիվ ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից արժանացել է պատվոգրի։
- 2011 թվականինարժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրին՝ անգլոամերիկյան և ռուսական գրականության թարգմանության ասպարեզում նշանակալի ներդրման համար։
- 2018 թվականին նրան շնորհվել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակ։
- 2021 թ.-ին, ծննդյան 60-ամյակի և հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար, պարգևատրվել է ՀԳՄ նախագահության «Գրական վաստակի համար» մեդալով։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»