Վանաձորի պետական համալսարան
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Վանաձորի պետական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | հուլիսի 9, 1969 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վանաձոր |
Կայք | vsu.am |
Vanadzor_State_University Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀայաստանի տարածաշրջանի կրթօջախները մանկավարժական կադրերով ապահովելու և միաժամանակ Հայաստանի մանկավարժների հեռակա ուսուցումը Կիրովականում կազմակերպելու նպատակով Հայաստանի խորհրդի 1969 թ. հուլիսի 9-ի թիվսԱԴվղ 455 որոշմամբ Կիրովական է փոխադրվում Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը և վերանվանվում «Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ»։ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտից Կիրովական է տեղափոխվում հինգ ֆակուլտետ՝ Հայոց լեզվի և գրականության, Տարրական ուսուցման մեթոդիկայի, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանության և Պատմության։ Նույն տարում բացվում է նաև առկա բաժին նշված մասնագիտություններով։ Կիրովական է տեղափոխվում 4711 ուսանող։
1982 թ. ինստիտուտում բարձրացվում է հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման՝ այդ ժամանակահատվածում Ինֆորմատիկա մասնագիտության շրջանակներում, որակյալ կադրերի պատրաստման խնդիրները։ 1982 թվականին ինստիտուտի ռեկտոր է դառնում հայ ականավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը։ Նա ինստիտուտը ղեկավարել է մինչև 1986 թվականը։ Ներկայումս բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թվականին, ասպիրանտուրայում՝ 2006 թվականին։ Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով՝ դեռևս 4 մասնագիտությունների ուղղությամբ։ Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր։
2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։
Տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերջին երկու տասնամյակների ընթացքում համալրվել է գերազանցապես բուհի շրջանավարտներով. բուհում դասավանդում է 138 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտությունների թեկնածուները, երկուսն ունեն դոկտորի գիտական աստիճան։ Վերջին երեք տարիներին ֆինանսական ներդրումներ են կատարվել ուսումնական բազայի հարստացման ուղղությամբ, ստեղծվել է գիտահետազոտական ժամանակակից լաբորատորիա բնագիտական ուղղության ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի կատարման համար։ 2008 թ. բացվել է նաև Սերգեյ Մերգելյանի անվան համակարգչային լսարանը՝ հագեցված բարձրակարգ սարքավորումներով։
2014 թ. ապրիլի 30-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի[1]։
Ֆակուլտետներ
խմբագրելԲուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝
- Բանասիրական
- Պատմաաշխարհագրական
- Մանկավարժության
- Կենսաբանաքիմիական
- Ֆիզիկամաթեմատիկական
Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով. թողարկող են 20 ամբիոն։
Կրթական ծառայություններ
խմբագրել- Հանրակրթություն (վարժարան) ՎՊՀ հենակետային վարժարան
- Քոլեջ
- Բարձրագույն կրթություն
Ռեկտորներ
խմբագրելՎանաձորի պետական համալսարանի ռեկտորն է Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։
Հրատարակություններ
խմբագրելՎՊՄԻ հրատարակում է «Ապագա մանկավարժ» երկշաբաթաթերթը։ Պարբերականն իր հիմնադրման պահին եղել է ամսաթերթ, 2002 թվականից՝ ամսագիր, 2008 թվականի փետրվարից՝ երկշաբաթաթերթ։
Տպագրվում են ուսանողների հոդվածները, նրանց արձակ ու չափածո գործերը, կերպարվեստի բաժնի շնորհալի ուսանողների ստեղծագործությունները, ուսանողների կողմից կազմված լավագույն խաչբառերը։
Բացի ընթացիկ տեղեկատվությունից, երկշաբաթաթերթ ունի հիմնական խորագրեր՝ «Դասախոսի ամբիոն», որտեղ ՎՊՄԻ-ի դասախոսները հանդես են գալիս իրենց հոդվածներով, «Մատենագիտական տեղեկատու», որտեղ նշվում է, թե ՎՊՄԻ-ի գրադարանն ինչ նոր գրքերով է հարստացել, «Մեր շրջանավարտների հետքերով», «Մարզական էջ», «Ժողովրդական մանկավարժության գոհարներ»։
«Ապագա մանկավարժ» երկշաբաթաթերթի էջերում տեղ են գտնում նաև ամենամսյա գիտխորհրդի նիստերում քննարկվող հարցերը։
Արտաքին կապեր
խմբագրելՎանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցել է երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։
2010 թվականին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՄԻ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի Կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում։
Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս Մարսել համալսարանի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված է համաձայնագիր, որը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում։
Միջազգային կապերի շրջանականերում բուհի աշխատակիցները տարբեր տարիներում գործուղվել են ԱՄՆ (Պիթսբուրգի համալսարան, Պենսիլվանիա, Ֆենիքսի համալսարան, Արիզոնա), Ֆրանսիա (Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտ), Գերմանիա (Ֆրանկֆուրտի համալսարան), Մեծ Բրիտանիա (Լեստերի համալսարան), Չեխիայի Հանրապետություն (Պրահայի Կառլովի համալսարան, Բռնոյի Մասարիկի համալսարան, Բռնոյի Տեխնիկական համալսարան), Հունաստան (Արիստոտելի համալսարան, Սալոնիկ։
Բուհը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են ուսանողների ու դասախոսների փոխանակումներ, կազմակերպվում են ամառային դասընթացներ, կոնֆերանսներ ու սեմինարներ։ Այդ կազմակերպությունների շարքում են IREX, DAAD, OSI, TACIS, TEMPUS միջազգայնորեն հայտնի կազմակերպություններն ու հիմնադրամները։
2010 թվականից բուհը սերտորեն համագործակցում է ֆրանսիական GREF (Groupement des Retraités Educateurs sans Frontières) կազմակերպության հետ, որի շրջանակներում ՎՊՄԻ-ում անցկացվում են Լոռու մարզի ֆրանսերեն լեզվի դասախոսների և ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև դասընթացներ՝ բուհի բակալավրիատում և մագիստրատուրայում ֆրանսերեն լեզուն ուսումնասիրող ուսանողների համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում». www.e-gov.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: Text "e-gov" ignored (օգնություն) «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանաձորի պետական համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 468)։ |