Խոտորջուրի ինքնապաշտպանություն

Խոտորջուրի ինքնապաշտպանություն, ինքնապաշտպանական մարտեր թուրքական զինված ուժերի դեմ 1918 թվականի հունվար-մայիս ամիսներին, Էրզրումի (Կարին) Խոտորջուր գավառակում։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնի գաղթեցվել է նաև Խոտորջուրի բնակչությունը։ Մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ 1916 թ. փետրվարին ռուսական զորքերը գրավել են Խոտորջուր գավառակը։ Մոտ 1500 խոտորջուրցի երիտասարդներ (գլխավորապես տղամարդիկ), որոնք մեկնել էին Կովկաս և Ռուսաստան աշխատելու, փրկվեցին կոտորածներից[փա՞ստ]։ 1916 թ.-ի գարնանից նրանք սկսեցին վերադառնալ հայրենի գյուղեր, 1918 թ.-ի սկզբին, երբ ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանից, թուրքական զորքերը, խախտելով դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, վերագրավեցին ռուսական ուժերի՝ անպաշտպան թողած հայկական գավառները։ Թուրքական զորքերին դիմադրելու և Խոտորջուրի ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ՝ Օգոստինոս Սչանյանի գլխավորությամբ (անդամներ՝ Վ. Բագրատյան, Հ. Պալջյան, Ք. Ամիրազյան, Վ. Տեր-Պողոսյան, Կ. Պապյան և ուրիշներ)։ Ինքնապաշտպանական կռիվներին մասնակցել են նաև գավառակի խոշոր գյուղերի բնակիչները։ 1918 թվականի հունվարի 20-ին թուրքական զորքերի ձեռնարկած առաջին հարձակումը տևել է 4 օր։ Հատկապես կատաղի մարտեր են մղվել Խանդաձորի Կլախինց թաղում, որտեղ թշնամին պարտություն է կրել և նահանջել։ Հետագայում ինքնապաշտպանության կենտրոնը տեղափոխվել է բնական ամուր դիրք ունեցող Վերին Մոխուրկուտ գյուղը։ Թուրքական զորքը գործի է դրել հրետանին, որը, սակայն, պաշարվածները կարողացել են ոչնչացնել։ Չնայած հերոսական և անձնազոհ պաշտպանությանը՝ խոտորջուրցիների ուժերը գնալով սպառվել են, ռազմամթերքը՝ նվազել։ Խոտորջուրի ինքնապաշտպանությունը թուրքական գերազանց ուժերի դեմ շարունակվել է մինչև մայիս՝ Կարսի անկումը։ Օգնության ոչ մի հույս չունենալով՝ Զինվորական խորհուրդը որոշել է հեռանալ փոքր խմբերով։ Փրկված խոտորջուրցիները անցել են Արևելյան Հայաստան, Թիֆլիս, Աբխազիա, մի մասը՝ Իրան, Իտալիա, ԱՄՆ։

Գրականություն խմբագրել

  • Հովհաննիսյան Վ., Խոտորջրի 1918 թ. հերոսամարտը, ՊԲՀ, 1966, N 1։
  • Գեորգյան Թ., Խոտորջուր, «ԲԵՀ», 1971, № 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 83