Խնուսի դաշտ, գոգհովիտ Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն, Խամուր և Աղդաղ լեռների միջև։ Երկարությունը 30 կմ է, լայնությունը՝ 15 կմ, բարձրությունը՝ 1500 - 1600 մ։ Տեկտոնական իջվածք է՝ լցված նեոգենի մերգելա-կրաքարային և անթրոպոգենի լճա-սառցադաշտային և ալյուվիալ նստվածքներով, որոնց մեջ հայտնաբերված է անթրոպոգենին բնորոշ Հայկական փղի (Sephas armeniacus) բրածո կմախքը (վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում)։

Խնուսի դաշտ
Տեսակհովիտ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԿարաչոբան
Քարտեզ
Քարտեզ

Նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով Խնուսի դաշտը տրոհված է աստիճանաձև սարավանդների։ Բյուրակնից իջնող լավային հոսքերը հարավային մասում վերածվում են մնացորդային կղզիների։ Խնուսի դաշտը համարվում է Հայկական բարձրավանդակի առավել ակտիվ սեյսմիկ օջախներից մեկը։ Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի խիստ տատանումներով, երկարատև, զով ամառով և ցուրտ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 8 °C-ից 10 °C , հուլիսինը՝ 18 °C-22 °C, տարեկան տեղումները՝ 400 - 500 մմ։ Ոռոգվում է Բյուրակնից իջնող գետակներով, որոնք միախառնվելով կազմում են Խնուս (Քիլիսա) գետը։ Բնորոշ են տափաստանների լեռնային սևահողերը՝ տարախոտահացագգի և ենթալպյան բարձրախոտ տափաստանների բուսականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65