«Խխունջն ու կետը» (անգլ.՝ The Snail and the Whale), անգլիացի գրող Ջուլիա Դոնալդսոնի մանկական գիրքն Ակսել Շեֆլերի նկարազարդումներով։ Հրատարակվել է 2003 թվականին, հետագայում թարգմանվել է մի քանի օտար լեզուներով։

Խխունջն ու կետը
անգլ.՝ The Snail and the Whale
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՋուլիա Դոնալդսոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողAxel Scheffler?
ՀրատարակչությունMacmillan Publishers
Հրատարակվել է2003

Պատմություն խմբագրել

Դոնալդսոնի խոսքերով՝ գրքի սկզբնական գաղափարը եղել է մեծ ու փոքր կերպարների հակադրումը. «Ինձ պետք էր շատ մեծ ինչ-որ մեկը, և փոքր կերպարը պետք է գար ու օգներ մեծին»[1]։

Ընդ որում՝ ստեղծագործության վերնագիրը կազմվել է հնչողությամբ նման բառերից, որոնցից մեկը եղել է snail՝ «խխունջ»[1].

Շատ վաղուց ես ինչ-որ աշխատանք անում էի մի կրթական հրատարակության համար։ Եվ ես պետք է պատմություն հորինեի «էյ» երկհնչյունի մասին, և ես մտածեցի «էյ» ունեցող բառերի մասին՝ snail, paint, trail, sail, hate։ Եվ ահա այդպես ես մտածեցի խխունջի մասին՝ «snail», որը կարող էր նկարել՝ «paint» և «Leave the trail»՝ «հետք թողնել»։

Դոնալդսոնը գիրքը կոչում է իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկը, քանի որ կառուցվածքով այն մոտ է Էդվարդ Լիրի ստեղծագործությանը, որին ինքը մանկուց սիրել է[2]։ Լիրի ազդեցությունն զգացվում է ստեղծագործության սյուժեում, մասնավորապես դա վերաբերում է խխունջի ու կետի վերադարձին, ինչը նման է Լիրի «Կապտաձեռ Ջամբլները» բանաստեղծության հերոսների վերադարձին[1]։

Սյուժե խմբագրել

Ծովի ափին՝ մեծ ժայռի վրա, ապրում էր խխունջը։ Տեսնելով մոտակա նավահանգստից հեռավոր երկրներ ուղևորվող նավերը՝ նա միշտ ուզում էր, որ ինքն էլ մեկնի ճանապարհորդության և տեսնի աշխարհը։ Խխունջի ընկերուհիները նրան չէին հասկանում և խորհուրդ էին տալիս նստել տեղում։ Այնուամենայնիվ, խխունջը ժայռի վրա գրություն է թողնում՝ խնդրելով իրեն վերցնել շուրջերկրյա ճանապարհորդության։ Շուտով նավահանգիստ է գալիս մեծ կետը, որը տեսնում է խխունջի գրությունը և առաջարկում է իր հետ լողալ հեռավոր երկրներ։ Կետի պոչի վրա խխունջը շրջում է ամբողջ աշխարհում, տեսնում այսբերգներ և հրաբուխներ, լինում է ծովի հատակում և ընկնում փոթորկի մեջ։

Մի անգամ կետը շատ է մոտենում ափին և տեղատվության ժամանակ մնում է ցամաքում՝ չկարողանալով շարժվել տեղից։ Կետին փրկելու համար խխունջը սողում է դեպի դպրոց, որտեղ գրատախտակի վրա գրում է՝ «Փրկեք կետին»։ Դպրոցականները տեսնում են այդ գրությունը և կանչում հրշեջներին, որոնք կետի համար փորում են ջրավազան, լցնում ջրով՝ սպասելով մակընթացությանը։ Հետո կետն ու խխունջը հետ են վերադառնում։

Վերադառնալով տուն՝ խխունջն ու կետը պատմում են իրենց արկածների մասին։ Խխունջի ընկերուհիները նույնպես ցանկանում են մեկնել ճանապարհորդության, և կետը նրանց բոլորին նստեցնում է իր պոչին և իր հետ վերցնում հետագա ճանապարհորդությունների ընթացքում։

Մրցանակներ խմբագրել

  • 2004 – Early Years Award – լավագույն գիրքը նախադպրոցականների համար
  • 2005 – Blue Peter Book Award – լավագույն գիրքը բարձրաձայն ընթերցելու համար
  • 2007 – Giverny Book Award – լավագույն նկարազարդ գիտահանրամատչելի գիրքը[3]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այն տեսարանում, որտեղ դպրոցականները փրկում են կետին, գետնին երևում է Գրուֆալոյի նկարը, որ արվել է տղաներից մեկի կողմից։
  • «Խխունջն ու կետը» ստեղծագործությունը 2007 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն ընդգրկել է իր սիրելի գրքերի առաջին հորիզոնականում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Джулия-«Груффало»-Дональдсон: интервью (4 сентября 2010)
  2. «Picture books by children's author, Julia Donaldson». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  3. 15° Laboratory™
  4. Shelf assessment: what do Gordon Brown's 'favourites' tell us?

Արտաքին հղումներ խմբագրել