Խաչենի իշխանական ապարանք

Արցախի Հանրապետության, 1214-1220 թվականներին կառուցված ատմական հուշարձան

Խաչենի իշխանական ապարանք կամ Դարպասներ, մշակութային կառույց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ՝ Խաչենագետի աջափնյա անտառապատ բլուրներից մեկի վրա։ Մեզ է հասել խիստ ավերված վիճակում։

Խաչենի իշխանական ապարանք

Կառուցվածք խմբագրել

Պահպանվել են ապարանքի պարսպի մեծ մասի հիմքերը՝ կիսափլված անկյունային բուրգերով ու դարպասով, երկու սենյակի պատերն ու ծածկի որոշ մասերը, ինչպես նաև մի քանի այլ սենյակների մնացորդները[1]։

Ապարանքում համեմատաբար լավ է պահպանվել ուղղանկյուն պարսպափակ թաղածածկ դահլիճը, որը հարավ-արևելյան կողմում ունի ուղղանկյուն խորշ։ Հարավային և հյուսիսային պատերը սվաղված են հատակից մինչև ծածկի թաղի անցման սահմանը։ Մյուս երկու պատերը սվաղված են եղել ամբողջ բարձրությամբ։ Դահլիճի թաղածածկը սրբատաշ որձաքարի շարվածքով է իրականացված, որից պահպանվել են ստորին 4-5 շարքերը։

Ծածկը ուժեղացված է թաղակիր չորս կամարներով, որոնցից արևմտյան կամարը կրկնաշարք է և հպված է լայնական պատին, իսկ մյուս երեքը դահլիճի երկարությունը չորս հավասար մասի են բաժանում՝ ներառյալ խորշը։ Թաղակիր կամարները կառուցված են 2-3 շարքի բարձրություն ունեցող միակտոր քարերից, որոնք հենվում են գլանաձև պահունակների վրա։ Դահլիճի ծածկը կազմված է երկկենտրոն կամարի սկզբունքով՝ Գանձասարի գմբեթավոր կամարներին նմանվող եզրագծով։ Հիշյալ դահլիճի և հարևանությամբ գտնվող բնակելի տարածքների հատակագծերի նմանությունը հաշվի առնելով՝ պետք է ենթադրել, որ ապարանքի համար նախատիպ են հանդիսացել ժողովրդական բնակավայրերի ավանդական կառուցվածքային ձևերը, որը Արցախ-Սյունիքի պալատական ճարտարապետության հատկանշական կողմերից մեկն է։

Դահլիճը, որը իշխանական տան հիմնական մասն էրհամարվում, ծառայում էր նաև տոնախմբությունների ու պաշտոնական ընդունելությունների համար[2]։ Հատկանշական է այն փաստը, որ դահլիճի պահպանված պատերին լուսամուտներ չկան։ Հավանական է, որ դահլիճը լուսավորվել է չպահպանված հյուսիսային պատում եղած դեպի բակը նայող լուսամուտներով։ Տարբեր քննությունները ցույց են տալիս, որ դահլիճի և կից սենյակի լայնության չափով, եղել են ևս մի քանի տարբեր չափերի սենյակներ, որոնք, ցավոք, չեն պահպանվել, ուստի հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել դրա նախնական կառուցվածքի մասին։ Ապարանքի պարսպի և սնամեջ բուրգերի պատերը շարված են անմշակ որձաքարով։ Դարպասի մուտքային բացվածքն ունի 1,6 մ լայնություն։

Պատմություն խմբագրել

Ապարանքը, որն այժմ կրում է Դարպասներ անունը, որևէ արձանագրություն չունի և, որքան մեզ հայտնի է, պատմական ու վիմական գրական աղբյուրներում չի հիշատակվում։ Եղել է Խաչենի XIII դարի նշանակավոր իշխան Հասան-Ջալալ Դոլայի ապարանքը, որի մասին հիշատակվում է տեղագրական երկերում[3]։

Դարպասներ անունը համարվել է հետագայի ծնունդ և նույնացվել է բերդի հետ։ Պատճառը մասամբ այն է, որ ապարանքի ավերակներն ու դրա հարավային կողմում գտնվող Խոխանաբերդը իրար շատ մոտ են[4]։

Բերդը որից չնչին մնացորդներ են պահպանվել, այժմ կրում է Թարխանաբերդ անունը[1]։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի և հետագա այլ աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ Հասան-Ջալալ իշխանի փեսան՝ Սյունյաց Տարսայիճ Օրբելյան իշխանը, վերադառնալով Խաչեն կատարած ճամփորդությունից, 1274 թվականին Եզեգիսում կառուցում է դարաբաս[5]։ Հայտնի է, որ միջնադարյան Հայաստանում դարաբաս կամ դարապաս (նաև՝ դարբաս, դարպաս) անվանում էին իշխանական ապարանքները, այսինքն ապարանքի այժմյան անվանումը նրա սկզբնական անվան փոքր ինչ տարբերակված ձևն է։

Այսպիսով, ապարանքի կառուցման տարեթիվը կարելի է վերագրել Հասան-Ջալալ իշխանի տիրապետության (1214-1261 թվականներ) տարիներին, հատկապես այն ժամանակահատվածին, երբ նա ծավալել է բեղմնավոր մշակութային ու շինարարական գործունեություն[6], կառուցել Գանձասարի հոյակերտ եկեղեցին (1216-1238 թվականներ), ապա գավիթը (հիմնադրումը՝ 1261 թվականին)։ Այս գործունեությունը 1220-1240 թվականներին պարբերաբար ընդատվել է թաթար-մոնղոլների ասպատակություններով և ապա երկրի գրավումով, ուստի ապարանքի շինարարության հավանական ժամանակը պետք է համարել 1214-1220 թվականները։

Հավանական է, որ Գանձասարի Հասան-Ջալալյան կաթողիկոսները իրենց նախնու՝ Հասան-Ջալալ Դոլա իշխանի հիշատակին նրա ապարանքը խորդհրդանշող դարպասի ձևերով կառուցել են վանքի հիմնական՝ հարավային շքամուտքը։ Ապարանքի հորինվածքը թելադրվել է նաև ժամանակի սոցիալ-քաղաքական անհանգիստ իրադրությամբ, որն արտահայտվել է նրա սեղմ, համեստ չափերում, ամրոցակերպ ձևերում։ Պաշտպանական նպատակների են ծառայել ինչպես սնամեջ բուրգերը, այնպես էլ դարպասը, հզոր պարիսպը և դրան կից սենյակների տանիքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մ․ Վ․ Բարխուտարյանց (1895). Արցախ. Բաքու. էջ 181.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Թ․ Թորոմանյան (1942). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․1. Երևան. էջ 356.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Հ․ Ս․ Էփրիկյան (1903). Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան. Վենետիկ. էջ 599.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Կ․ Գանձակեցի (1961). Պատմություն հայոց. Երևան. էջեր 269–270.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Գ․ Հովսեփյան (1947). Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը. Անթիլիաս. էջեր 2–4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Բ․ Ա․ Ուլուբաբյան. Խաչենի իշխանությունը X-XVI դարերում. էջ 176.

Արտաքին հղումներ խմբագրել