Լուկինների տուն (Տագանրոգ)
Լուկինների տուն (ռուս.՝ Дом Лукиных), տեղական նշանակության ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցք, 15 հասցեում[1]։
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Առաջին հիշատակում | 1827 |
Հիմնադրված է | 1910 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պատմություն Խմբագրել
Պատմական աղբյուրները վկայում են, որ ժամանակակից Անտոն Գլուշկոյի նրբանցք, 15 հասցեի տունը գոյություն է ունեցել դեռևս 1827 թվականին[1]։ Այնուհետև, հայտնի չէ թե ինչ պատճառներով, այն քանդվել է և կրկին կառուցվել 1910-ական թվականներին։ Այդ ժամանակ երկհարկանի առանձնատան սեփականատեր էր Լուկինների ընտանիքը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ շենքը գնահատվել է 28 հազար ռուբլի[2]։
Վասիլի Պավլովիչ Լուկինը 19-րդ դարի վերջին ղեկավարել է քաղաքային ծավագնացության դասընթացները և դարձել է «Նավագնացություն» գրքի հեղինակը, որը նավաստիներն օգտագործում էին որպես ձեռնարկ։ 20-րդ դարի սկզբին նա Քաղաքային դումայի իրավասու էր և Դոնի հողային բանկի վարչության նախագահ[3]։ Հաճախ աշխատանքային հարցերով այցելել է Սանկտ Պետերբուրգ։ Մահացել է Կիևում 1919 թվականին[2]։ Նրա կինը՝ Սոֆյա Անդրեևնա Լուկինան, 1908 թվականին կազմակերպել է «Մի կաթիլ կաթ» մանկական խոհանոց, իսկ 1914 թվականին բացել է քաղաքում առաջին մանկապարտեզը[3]։ Դրա հետ մեկտեղ նա աշխատել է որպես դասախոս մասնավոր սկզբնական III կարգի ուսումնարանում։ Լուկինների ընտանիքում կար մի քանի երեխա։ Դուստրը՝ Վերա Վասիլևնան, ամուսնությունից հետո՝ Քսինտարիս, ծնվել է 1892 թվականի օգոստոսի 10-ին։ Որդին՝ Կոնստանտին Վասիլևիչ Լուկինը, կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ 1921 թվականին նա ամուսնացել է Եվգենյա Նիկոլաևնա Գրեկովայի հետ։ Ընտանիքի երրորդ երեխան էր Բորիս Վասիլևիչ Լուկինը[2]։
Հայտնի չէ, թե երբ է կառուցվել տան երրորդ հարկը, սակայն 1918 թվականի նոյեմբերի 7-ին Տագանրոգի թերթերից մեկում հայտարարություն է հայտնվել, որ Ֆրեյնեդի կոշկագործական արհեստանոցը, որը գտնվում էր Լուկինի տան երրորդ հարկում, վաճառվում է։ Տունն այս ընտանիքին պատկանել է մինչև 1925 թվականը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ այստեղ է գտնվել Առաջին հեծելազորային բանակի հեծելազորի էսկադրոնների ձևավորման վարչությունը, իսկ 1933 թվականին տանը տեղադրվել են քաղաքային թանգարանի ցուցանմուշները[2]։ 1992 թվականից տունը, որպես ճարտարապետության հուշարձան, պաշտպանվում է օրենքով[1]։