Լուծմունք, մեկնողական գրականության ժանր։ Լուծմունքում կարճառոտ մեկնությամբ պարզաբանվում են միայն երկի առավել դժվարընկալելի բառերն ու հասկացությունները։ Որոշ առումով լուծմունքը կատարում է այդ երկի բառարանի դեր։ Հայ մատենագրութան մեջ այդ կերպ մեկնաբանվել են ոչ միայն առավել կարևոր թարգմանական, այլև ինքնուրույն երկերը, որոնք մասնավոր սերտողության առարկա են եղել միջնադարի հայկական բարձրագույն դպրոցներում և վարդապետարաններում։ Այդ եղանակով պարզաբանվել են Աստվածաշնչի որոշ գրքեր, անտիկ մտածողների իմաստասիր. վաստակը, եկեղեցու նշանավոր հայրերի աստվածաբան. ժառանգությունը, ինչպես նաև որոշ հայ մատենագիրների երկերը։ Հայտնի և կիրարկելի են եղել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան»՝ Հովհաննես Սարկավագի և Առաքել Սյունեցու լուծմունքները, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»՝ Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսի, Գրիգոր Խլաթեցու, Հակոբ Նալյան պատրիարքի և այլոց լուծմունքները։ Հակոբ Ա Կլայեցու գրչին են պատկանում նաև Գրիգոր Նազիանզացու մի շարք ճառերի, Կյուրեղ Ալեքսանդրացու «Պարապմանց գրոց» լուծմունքները։ Եկեղեցու հայրերի երկերի լուծմունքներ են հեղինակել նաև Գրիգոր Սկևռացին, Գևորգ Երզնկացին և ուրուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: