Լոուդուն Լեռան ճակատամարտ

Լոուդուն Լեռան ճակատամարտ, 1307 թվականի մայիսին Ռոբերտ Բրյուսի առաջնորդած շոտլանդական զինուժի ու Այմեր դե Վալենսի գլխավորած անգլիացիների միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Տեղի է ունեցել Այրշայրի Լոուդուն կոչվող հրաբխային լեռան մոտ և ավարտվել Բրյուսի հաղթանակով՝ դառնալով նրա առաջին խոշոր ռազմական նվաճումը։ Մարտադաշտի վայրը ներկայումս ուսումնասիրվում է, որպեսզի ընդգրկվի «Շոտլանդիայի պատմական մարտադաշտերի գրանցամատյանում» ու պահպանվի «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության կողմից[1]։ Ճակատամարտը պատկերվել է 2018 թվականին նկարահանված «Օրենքից դուրս արքան» պատմական դրամայում։

Լոուդուն Լեռան ճակատամարտ
Թվական1307 թվականի մայիսի 10
Մասն էՊատերազմներ Շոտլանդիայի անկախության համար
ՎայրԼոուդուն լեռ, Այրշայր, Շոտլանդիա
ԱրդյունքՇոտլանդացիների հաղթանակ
Հակառակորդներ
Շոտլանդական թագավորություն Անգլիայի թագավորություն
Հրամանատարներ
Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուս Այմեր դե Վալենս, Փեմբրոքի 2-րդ կոմս
Կողմերի ուժեր
600 մարդ3000 մարդ
Ռազմական կորուստներ
քիչ թվով"հարյուրավոր"

Փախստական արքա խմբագրել

Բրյուսն ու Վալենսն առաջին անգամ հանդիպել էին Մեթվենի ճակատամարտում, որտեղ Բրյուսի անպատրաստությունն ու անբռնազբոս ռազմավարական մարտավարությունը նրան աղետի էր հանգեցրել։ Նրա բանակը համարյա կազմալուծվել էր Վալենսի հանկարծակի հարձակման պատճառով ու Բրյուսի գլխավոր աջակիցները գերի էին ընկել։ Այն, ինչ մնացել էր նրա բանակից, երկրորդ անգամ ջախջախվել է անգլիացիների կողմից Դարլիգի ճակատամարտում։ Շոտլանդիայի բանակը դադարել է գոյություն ունենալ որպես ռազմական ուժ և թագավորը լքել է երկիրը որպես փախստական[2]։

Որոշ ժամանակ նա ապաստան է գտել Դյունեյվերթի ամրոցում, բայց քանի որ թշնամիները նրան կրկնկակոխ հետևում էին, ըստ որոշ աղբյուրների՝ նա ապաստան է գտել Օլսթերի մոտ գտնվող Ռաթլին ամրոցում, ըստ այլ աղբյուրների՝ Օրկնեյան կղզիներում։

Բրյուսի վերադարձ խմբագրել

1307 թվականի փետրվարին Ֆյորտ-օֆ-Կլայդի Արան կղզուց Բրյուսը տեղափոխվել է Այրշայրում գտնվող Քարրիքի իր կոմսության Թուրնբերի ամրոցը, որովհետև նա գիտեր, որ տեղացիները կսատարեն իրեն, բայց այնտեղի բոլոր ամրոցները զբաղեցված էին անգլիացիների կողմից։ Նրա եղբայրներ Թոմասի և Ալեքսանդրի վերադարձը Գելովեյ աղետալի է եղել, քանի որ Բալիոլի կողմնակից Դունգալ ՄաքԴուալլն է դիմավորել նրանց․ իռլանդացիներից ու կղզիաբնակներից բաղկացած Թոմասի ու Ալեքսանդրի բանակը ոչնչացվել է, վերջիններիս որպես գերիներ ուղարկել են Կարլայլ, որտեղ Էդուարդ I-ի հրամանով նրանց հետագայում մահապատժի են ենթարկել։ Բրյուսը հաստատվել է Քարրիքում և Գելովեյում։

Բրյուսը Մեթվենից լավ դաս էր քաղել․ նա այլևս երբեք թույլ չէր տալու իրեն թակարդի մեջ գցել։ Նրա ամենամեծ զենքը շոտլանդական բնաշխարհին քաջածանոթ լինելն էր, որը նա օգտագործում էր որպես առավելություն։ Հնարավորինս շատ օգտագործելով երկրի բնական պաշտպանական հնարավորությունները՝ նա նաև իր բանակը դարձնում էր առավելագույնս շարժուն։ Բրյուսը հասկացել էր, որ բաց ճակատամարտերում հազիվ թե կարողանար հաղթել անգլիացիներին. նրա բանակը հաճախ սակավաթիվ էր ու վատ զինված։ Այն ավելի ճիշտ կլիներ օգտագործել փոքրիկ «խփել-փախչել» հարձակումների համար, որը նաև թույլ կտար արդյունավետ օգտագործել սահմանափակ ռեսուրսները։ Նա միշտ նախաձեռնությունը վերցնում էր իր ձեռքը և խանգարում թշնամուն իր գլխավոր ուժերը հանել մարտի։ Անհրաժեշտության դեպքում վերացնում էր ընտանի կենդանիներին ու սնունդը՝ դրանով թշնամուն զրկելով ուտելիքի թարմ պաշարներից ու ձիերի համար կերից։ Եվ որ ամենակարևորն էր՝ Բրյուսը հասկացել էր անգլիական նվաճումների եղանակային բնույթը, որոնք մակընթացության պես ամռանը ողողում էին երկիրը, իսկ ձմռանը՝ հետ քաշվում։

Լոուդուն Լեռ խմբագրել

 
Լոուդուն լեռան ճակատամարտի քարտեզ

Բրյուսն իր առաջին փոքրիկ հաղթանակը տարել է Գլեն Թրուլի ճակատամարտում, որտեղ նա դարանակալել է Այմեր դե Վալենսի գլխավորած անգլիական բանակին, զառիթափ սարալանջով հարձակվելով նրանց վրա ու ծանր կորուստներ պատճառելով՝ քշել նրանց։ Հետո նա Դալմլինգթոնով անցել է Մույրկիրկ, մայիսին հայտնվելով Այրշայրի հյուսիսում, որտեղ իր բանակը հարստացրել է նորակոչիկներով։ Այստեղ նա շուտով հանդիպել է Վալենսին, որը գլխավորում էր տարածքի անգլիական գլխավոր բանակը։ Պատրաստվելով դիմավորել նրան՝ նա մայիսի 10-ին դիրք է զբաղեցրել Լուոդուն լեռից հարավ ընկած հարթավայրում, որը 450 մետր լայնություն ուներ ու երկու կողմից շրջապատված էր ճահիճներով[3]։

Վալենսը կարող էր մոտենալ միայն ճահիճներով անցնող գլխավոր ճանապարհով, որտեղից Բրյուսի մարդկանց փորած առվափոսերն ավելի էին նվազեցնում տեղակայման համար անհրաժեշտ տարածքը՝ դրանով իսկ չեզոքացնելով նրա քանակական առավելությունը[4]։ Վալենսն ստիպված էր նեղ, սեղմված առաջամասով հարձակվել իրենց սպասող թշնամու նիզակակիրների վրա։ Դա որոշ չափով Ստեռլինգ կամրջի ճակատամարտին հիշեցնող մարտ էր, որտեղ կիրառվում էր նույն «զտիչ» էֆեկտը։

Բրյուսի նիզակակիրները դադարեցրել են անգլիացի ասպետների ճակատային գրոհն ու մեծ հաջողությամբ կոտորել նրանց։ Հետո նրանք ճնշում գործադրելով անկազմակերպ անգլիացի ասպետների վրա՝ կռվել են այնպիսի կորովով, որ հետևի շարքերը սկսել են խուճապահար փախչել։ Շատերն են սպանվել, իսկ Այմեր դե Վալենսը կարողացել է ճողոպրել կոտորածից ու թաքնվել Բոթվել ամրոցում։

Լոուդուն լեռան ճակատամարտից երեք օր հետո Բրյուսը պարտության է մատնել ևս մեկ անգլիական ուժի՝ Գլոուսեստերի կոմսի գլխավորությամբ։ Բայց նրա գլխավոր խթանը եղել է երկու ամիս հետո․ մահացել է Էդուարդ I-ը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Inventory battlefields». Historic Scotland. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  2. "The Battle of Loudoun Hill", Future Museum
  3. MacIntosh, John. Ayrshire Nights' Entertainments: A Descriptive Guide to the History, Traditions, Antiquities, &c., of the County of Ayr, Dunlap & Drennan, Ayr (Scotland), 1894
  4. MacIntosh, John. Historical Review of Galston and Loudoun Parishes, and Poems, John MacIntosh, Galston (Scotland), 1890

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  • Barbour, John. The Bruce, trans. A. A. H. Duncan, 1964.
  • Barrow, G. W. S. Robert Bruce and the Community of the Realm of Scotland, 1976.
  • Barron, E. M. The Scottish War of Independence, 1934.
  • Nigel Tranter The Bruce Trilogy March 1985 9780340371862.

Արտաքին հղումներ խմբագրել