Լյումինեսցենտային լամպ
Լյումինեսցենտային լամպ, լույսի գազապարպման աղբյուր, որի լուսարձակումը հիմնված է էլեկտրական էներգիայի կրկնակի փոխակերպման վրա։ Լյումինեսցենտային լամպում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման, իսկ վերջինս լյումինաֆորների օգնությամբ փոխակերպվում է աչքի համար տեսանելի ճառագայթման։ Լյումինաֆորների ընտրությամբ հնարավոր է ստանալ տարբեր երանգների և, մասնավորապես, ցերեկայինին բավական մոտ լույս։
Շիկացման լամպերի նկատմամբ լյումինեսցենտային լամպերն ունեն մի շարք առավելություններ՝ տնտեսապես ավելի շահավետ են, ունեն ծառայության մեծ ժամկետ։ Առավել տարածված տարատեսակը սնդիկային լյումինեսցենտային լամպն է, որը ներսից լյումինաֆորի շերտով պատված ապակե խողովակ է։ խողովակի երկու ծայրերին ամրացվում են վոլֆրամե պարուրաձև էլեկտրոդներ։ Լամպ են ներմուծվում սնդիկի գոլորշիներ և իներտ գազ (արգոն, նեոն), որը նպաստում է լամպի ծառայության ժամկետի երկարացմանը և սնդիկի ատոմների գրգռման պրոցեսի հեշտացմանը։ Երբ լամպը միացվում է փոխոխական հոսանքի աղբյուրին, էլեկտրոդների միջև ստեղծվում է էլեկտրական հոսանք, որը սնդիկի ատոմների լուսարձակում է գրգռում։ Լյումինեսցենտային լամպ կիրառվում է ընդհանուր լուսավորության համար, էլեկտրալուսանկարչական պատճենահան-բազմացնող սարքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 645)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյումինեսցենտային լամպ» հոդվածին։ |