Լույսի գազապարպման աղբյուրներ

Լույսի գազապարպման աղբյուրներ, սարքեր, որտեղ էլեկտրական էներգիան փոխակերպվում է օպտիկական ճառագայթման, երբ էլեկտրական հոսանքն անցնում է շոգենման վիճակում գտնվող գազերով կամ այլ նյութերով (օրինակ, սնդիկով)։ Լույսի գազապարպման աղբյուրները գլանաձև, գնդաձև կամ այլ ձևի ապակե, խեցե կամ մետաղե անոթներ են (վերջին երկուսը՝ պատուհանով), որոնք պարունակում են գազ, երբեմն նաև որոշ քանակության մետաղ կամ այլ նյութ (օրինակ, հալոիդային աղ)։ Անոթում հերմետիկորեն ներզոդված են էլեկտրոդներ, որոնց միջև և կատարվում է պարպումը։ Կան նաև այնպիսի Լույսի գազապարպման աղբյուրներ, որոնք աշխատում են բաց մթնոլորտում կամ գազի հոսքում։ Տարբերում են գազալուսային լամպեր (ճառագայթումը կատարվում է գրգռված ատոմներով, մոլեկուլներով, վերամիավորող իոններով ու էլեկտրոններով), լյումինեսցենտային լամպեր (ճառագայթման աղբյուրն են լյումինաֆորները), էլեկտրոդալուսային լամպեր (ճառագայթումը կատարվում է պարպմամբ տաքացված էլեկտրոդներով)։ Լույսի գազապարպման աղբյուրների մեծ մասում օգտագործվում է աղեղային պարպման դրական սյան ճառագայթումը (քիչ է օգտագործվում մարմանդ պարպումը, օրինակ, գազալուսային խողովակներում)։ Աղեղային պարպման լամպերը լինում են ցածր (10–3 մմ սնդ. ս.), բարձր (0,2–15 մթն) և գերբարձր (20–100 մթն և ավելի) ճնշմամբ։

Լույսի գազապարպման աղբյուրները կիրառվում են ընդհանուր լուսավորման, ճառագայթահարման, ազդանշանման և այլ նպատակներով։ Ընդհանուր լուսավորման համար կարևոր են լամպերի բարձր լուսատվությունը, գույնը, շահագործման պարզությունը և հուսալիությունը։ Այս նպատակով առավել շատ օգտագործվում են լյումինեսցենտային լամպերը, որոնց լուսատվությունը հասնում է մինչև 80 լմ/վտ, ծառայության ժամկետը՝ մինչև 10 հզ. և ավելի ժ։ Մերձքաղաքային ավտոուղիների լուսավորման համար կիրառվում են ցածր ճնշման նատրիումային լամպեր, որոնց լուսատվությունը հասնում է մինչև 140 լմ/վտ։ Փողոցային լուսավորման համար կիրառվում են բարձր ճնշման սնդիկային լամպեր։ Հատուկ նպատակների համար կարևոր են Լույսի գազապարպման աղբյուրների այնպիսի բնութագրերը, ինչպիսիք են պայծառությունը և գույնը (օրինակ, կինոսարքավորումների համար օգտագործվող գերբարձր ճնշման քսենոնային լամպերը։ Լամպերի անոթների համար նոր բարձրջերմաստիճանային և քիմիապես կայուն նյութերի մշակումը և տեխնոլոգիայի զարգացումը Լույսի գազապարպման աղբյուրների հեռանկարային զարգացման և կիրառման նոր ուղիներ բացեցին, օրինակ, թալիումի, նատրիումի և ինդիումի յոդիդների հավելումով սնդիկային լամպերը ունեն 80–95 լմ/վտ լուսատվության և լավ գունահաղորդում։ Բարձր ճնշման նատրիումային լամպերում լուսատվությունը հասնում է մինչև 100–120 լմ/վտ։

Գրականություն խմբագրել

  • Рохлин, Г. Н., Газоразрядные источники света, М., 1966

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 682