Լիմի գրչության կենտրոն
Լիմի Գրչության Կենտրոն, Լիմ կղզու մշակութային կյանքի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է 9-րդ դարին։ Գրչական կյանքն այստեղ աշխուժացել է 14-րդ դարի սկզբներին, Զաքարիա Սեֆեդինյան Աղթամարցի կաթողիկոսի (1296- 1336) օրոք, երբ վերակառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին և միաբանությունն ընդարձակվել։ 13 -14-րդ դարերից մեզ է հասել մոտ մեկ տասնյակ ձեռագիր, ընդօրինակված Մովսես, Խաչատուր, Աբրահամ և Մանվել գրիչների ձեռքով, որոնցից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում 4-ը։
Հինգ ձեռագիր էլ կա 15-րդ դարից։ Լիմի Գրչության կենտրոնում նկարազարդվում և կազմվում էին ձեռագրերը։ 15-րդ դարի կեսերին այստեղ են աշխատել խառաբաստցի Իգնատիոս, արճիշեցի Հովհաննես Մանկասարենց գրիչները, իսկ ծաղկող Մինասը նկարազարդել է նրանց ընդօրինակությունները։ 16-րդ դարի Լիմի մշակութային կյանքը տնօրինել է Զաքարիա Գնունեցին (Լմնցի), որից մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններ։ 17-րդ դարի Լիմում բացվել է բարձր տիպի դպրոց՝ Ներսես Մոկացի փիլիսոփայի ղեկավարությամբ։ Նույն դարի երկրորդ կեսին միաբանների թիվը հասել է 60-ի։
Լիմը ուներ հարուստ մատենադարան 1693 թվականին այնտեղ կար 3124 գիրք, 19-րդ դարի վերջերին՝ 550 ձեռագիր, մոտ 3 հազար տպագիր գիրք։ Լիմի գրչության կենտրոնն իր գոյությունը պահպանել է մինչև 1915-ը։ Ձեռագրերի մի մասը փրկվել և տեղափոխվել է Էջմիածին։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է Լիմից բերված 30 ձեռագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 617)։ |