Լեռնային հողեր, լեռներում ձևավորվող հողերի աշխարհագրական խումբ։

Նկարագրություն

խմբագրել

Հարթավայրային հողերից (հատկապես՝ զառիթափ լանջերի) տարբերվում են փոքր հզորությամբ, խճայնությամբ, առաջնային միներալների առատությամբ, հստակ չարտահայտված պրոֆիլով։ Լեռնային հողերում զարգացած են հողի խոնավության լանջային հոսանքները, որոնք, լանջերի վերին և միջին հատվածներից հեռացնելով հողառաջացման նյութերը, խոչընդոտում են իլյուվիալ հորիզոնների ձևավորմանը։ Սակայն դրանցից ձևավորվում են լանջերի ստորին հատվածներում։ Լեռնային հողերի տարածումը ենթակա է վերընթաց գոտիականության, այսինքն` կախված է տեղանքի բարձրության, օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխություններից։ Լեռներում հանդիպում են հարթավայրերում գոյացող հողերի գրեթե բոլոր գենային տիպերը։ Սակայն միայն լեռներին են բնորոշ լեռնամարգագետնային, (թթվային, վերին ճմային հորիզոնում պարունակում են 13–20 % հումուս), լեռնամարգագետնատափաստանային (լեռնամարգագետնային հողերից տարբերվում են պակաս հումուսայնությամբ և չեզոքին մոտ հիմնայնությամբ), լեռնային ենթագորշ (ուժեղ թթվային են, վերին հորիզոնները՝ հումուսով հարուստ) հողերը։ Լեռնային հողերից ՀՀ-ում առավել տարածում ունեն լեռնամարգագետնային, լեռնային սևահողերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։