Լեզվաբանական հնէաբանություն

Լեզվաբանական հնէաբանություն (ֆր.՝ paléontologie linguistique)[1][2], լեզվաբանական պատմահամեմատական հետազոտության վրա հիմնված օժանդակ գիտություն, որն զբաղվում է ժողովուրդների նախապատմական դարաշրջանների հասարակական կառուցվածքի, արտադրության, մշակույթի, կենցաղի, իրավունքի, կրոնի ուսումնասիրությամբ։ Այն զարգացել է հնդեվրոպական լեզվաբանության մեջ. հիմնադիրն է Ա. Կունը, թեև լեզվաբանական հնէաբանություն տերմինն առաջին անգամ օգտագործել է Ա. Պիկտեն։ Ցեղակից լեզուների մեջ պահպանված հնագույն շրջանի ընդհանուր բառերը վկայում են նախնական միասնության շրջանում համապատասխան հաստատությունների, զբաղմունքի, արտադրության գործիքների, իրավական նորմերի գոյության մասին։ Օրինակ՝ հնդեվրոպական լեզուների մեծագույն մասում պահպանված արոր, աղալ բառերը վկայում են, որ նախնական միասնության շրջանում «հնդեվրոպացիներն» արդեն զբաղվում էին երկրագործությամբ։

Հիմնված լինելով լեզվի իրական տվյալների վրա և զուգակցվելով հնագիտության հետ՝ լեզվաբանական հնէաբանությունը դառնում է հնադարի պատմության ուսումնասիրման առաջնակարգ ճյուղերից մեկը։ Լեզվաբանական հնէաբանությունն զբաղվում է լեզուների բառային ու քերականական իմաստների գոյացման լուսաբանմամբ։ Ինչպես հնէաբանությունն է բրածո կմախքների ու քարացած բույսերի քննությամբ ուսումնասիրում այժմ գոյություն չունեցող կենդանիներն ու բույսերը և նրանց զարգացման հետագա ընթացքը, այդպես էլ լեզվաբանական հնէաբանությունը լեզուների միջև եղած զանազան տվյալների ընդհանուր համեմատական ուսումնասիրությամբ ձգտում է բացահայտել բառային և քերականական կարգերի առաջացման տրամաբանական հիմքերը և դրանով իսկ լուսաբանել լեզվի ու մտածողության տարբեր էտապներում, տարբեր լեզուների մեջ ու տարբեր ցեղերի (ժողովուրդների, ազգերի) մոտ հասկացությունների գոյացման ընդհանրություններն ու տարբերությունները։

Վերջինս անհրաժեշտ է ոչ միայն լեզվի, այլև մտածողության պատմությունն ուսումնասիրելու համար։ Օգտագործվում է հիմնականում ընդհանուր համեմատությունների մեթոդը, եթե պատմա-համեմատական մեթոդի համար ելակետը համեմատվող միավորների ձևի ու բովանդակության համապատասխանությունն է, ապա լեզվաբանական հնէաբանության մեջ առաջնային պլան է մղվում հնէաբանական վերլուծությունը, որի նպատակն է վեր հանել գաղափարական ընդհանրությունը կամ տարբերությունը միևնույն իրերին (երևույթներին, հատկանիշներին և այլն) տրվող անունների իմաստի և քերականական իմաստների առաջացման մեջ և դրանով իսկ պարզել մարդկային ճանաչողության ընդհանրություններն ու տարբերությունները տարբեր ժամանակներում ու տարբեր ցեղերի (ժողովուրդների, ազգերի) մոտ։ Այդ դեպքում վերլուծությունը կարող է հենվել միայն ձևերի կամ իմաստների վերացական ընդհանրության վրա։ Այսպես, օրինակ՝ հայերեն ակն բառը նշանակում է աչք, միաժամանակ նաև արև (արեգակն, ակն արևու), նման բան տեսնում ենք նաև իռլանդերենում, որի suil «արև» բառը նշանակում է նաև աչք։ Այս փաստերի հիման վրա հնէաբանական վերլուծությունը պարզում է, որ թե՛ հայերենում և թե՛ իռլանդերենում առկա է արևի ու աչքի միատեսակ ըմբռնումը, այսինքն՝ երկու դեպքում էլ և՛ արևը, և՛ աչքը դիտվում են իբրև լույսի աղբյուր, թեև համեմատվող բառերի միջև (ակն, suil) ծագումնաբանական ոչ մի ընդհանրություն գոյություն չունի։ Իսկ որ աչքն, իրոք, երբեմն գիտակցվել է իբրև լույսի աղբյուր, հաստատվում է նաև ռուսերեն окно «պատուհան» (տան, սենյակի լույսի աղբյուր, լուսամուտ) բառով, որ ստացվել է око «աչք» բառի արմատից, որ իր հերթին ծագումնաբանորեն կապված է հայերեն ակն բառի հետ, ըստ որում երկուսն էլ (ակն, око) ծագել են հնդեվրոպական միևնույն արմատից։

Գրականություն խմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, հտ. 4, Երևան, 1978, էջ 513։
  • Է. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Երևան, 1967։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Палеонтология лингвистическая // Большая советская энциклопедия : в 66 т. (65 т. и 1 доп.) / гл. ред. О. Ю. Шмидт. — М. : Советская энциклопедия, 1926—1947. — Т. 43.
  2. Петренко Д. И., Штайн К. Э. Лингвистическая палеонтология культуры: Языкознание. Кавказоведение: Монография. — Ростов-на-Дону: ИП К. Р. Попов («Полиграф-Сервис»), 2017. — 462 с. — ISBN 978-5-9906581-6-5, УДК 811.1:811.35, ББК 81.2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 513