Լարային նվագախումբ, ընդգրկում է բացառապես աղեղնային երաժշտական գործիքներ (1-ին և 2-րդ ջութակներ, ալտեր, թավջութակներ և կոնտրաբասեր

Նկարագրություն խմբագրել

Անցյալում կոմպոզիտորները որպես տարբերվող կազմ չեն առանձնացրել սիմֆոնիկ նվագախմբից, քանի որ 17-րդ դարերում և 18-րդ դարի 1-ին կեսին սիմֆոնիկ նվագախմբի կազմը հաճախ սահմանափակվել է աղեղնային գործիքներով և կլավեսինով։

Ժամանակակից լարային նվագախումբը ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ սիմֆոնիկ նվագախմբի լարային գործիքների խումբը դիտարկվել է որպես ինքնուրույն կատարողական միավոր։

Լարային նվագախմբին բնորոշ են թե՛ կամերայնությունը (կամերայնությունը անսամբլին բնորոշ արտահայտման մտերմիկությունը), թե՛ սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հագեցվածությունը։

Լարային նվագախումբը օգտագործել են նվագախմբի սյուիտներում։ Ավելի ուշ մի շարք կոմպոզիտորներ ստեղծել են ինքնուրույն ցիկլային ստեղծագործություններ (հաճախ՝ անցյալի երաժշտական ժանրերի ոճավորումներ), որոնց վերնագրերում նշվել է լարային նվագախմբի անվանումը (Պյոտր Չայկովսկու Սերենադը՝ լարային նվագախմբի համար, 1880 թվական)։ 20-րդ դարից լարային նվագախմբի ժանրերի ծավալն ընդարձակվել է։

Նվագախմբի համար գրվել են սիմֆոնիաներ (Ն. Արզումանյանի՝ 1992 թվական, Է. Հայրապետյանի՝ 2013 թվական), կոնցերտներ (Վ. Շարաֆյանի Կոնցերտը՝ 1992 թվական, «Ջութակը և Դուդուկը» կոնցերտը՝ 2013 թվական), սիմֆոնիետներ, նոր տեսակի շարքեր։

Լարային նվագախմբի համար որոշ ստեղծագործություններում ընդգրկել են նաև դաշնամուր (Ն. Արզումանյանի «Հուշերի փունջ»՝ 2003), ջութակ (Մ. Կոկժաևի «Պարզ մեղեդի» և «Moonlighting»), շեփոր, հարվածային գործիքներ (Է. Միրզոյանի սիմֆոնիան՝ լարային նվագախումբի և լիտավրների համար, 1964 թվական), ձայն (Մ. Իսրայելյանի «Ռիթմեր»՝ 1992 թվական, «Մաշտոցի շարական»՝ 2008 թվական)։

Լարային նվագախմբի համար են նաև Վ. Բաբայանի «Ռեքվիեմ» (1983 թվական), «Այստեղ, այնտեղ և ամենուր» (2006 թվական), Է. Հայրապետյանի «Սիբելիուս–Երազ» (2011 թվական), «Բարի գալուստ» («Welcome»), Մ. Ուլիխանյանի «Յոթ մահացու մեղքեր» (2013 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։