Լամենտո (իտալ.՝ lamento – բողոք, ափսոսանք, ողբ, բողոքի երգ), թախծոտ երաժշտություն, սովորաբար՝ ավարտուն փոքրածավալ վոկալ-գործիքային ստեղծագործություն[1]։

Պատմություն խմբագրել

Առաջացել է վաղ բարոկկո երաժշտության մեջ մոնոդիայի տարածման հետ միասին[2][3]։ 17-18-րդ դարերում լամենտոն՝ որպես արիա կամ վոկալ տեսարան, հաճախ ընդգրկվել է օպերայում՝ սյուժեի գագաթնակետից անմիջապես առաջ[1][4]. առաջին նմուշներից կարելի է համարել Արիադնայի ողբ Կլաուդիո Մոնտեվերդիի «Արիադնա» օպերայից (1608)[1][2]։

Լամենտոյին հատուկ են դանդաղ տեմպը, մեղեդու մարող ընթացքը, basso ostinato հնարքը, որոշակի ռիթմիկ բանաձևերը, վոկալ պարտիայում «հոգոցի» ինտոնացիան և այլն[1][5][4]։ Մասնավորապես, basso ostinato-ի վրա հիմնված լամենտոն հանդիպում է 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի մադրիգալներում, կանտատներում և օրատորիաներում[1]։ Նրանք նաև զարգացում են ստացել 1640-ական թվականների վենետիկյան օպերայում[6]։ Լամենտոյի այս տեսակի ամենահայտնի օրինակներից է «Դիդոնաեի ողբը» Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերայից[2][6]։ Մարինա Լոբանովան նշում է, որ basso ostinato-ի հիման վրա ստեղծվող լամենտոն իրականում դարձել է ինքնուրույն ավանդույթ բարոկկո օպերայի շրջանակներում և ձեռք է բերել միջազգային բնույթ[7]։ Վալենտինա Խոլոպովան նաև նկատում է, որ «բաս լամենտոն» դարձել է ժանրի այնպիսի անքակտելի բնութագրիչ, որ վշտի նույն իմաստաբանությամբ անցել է այլ վոկալ և գործիքային ժանրերի[5]։

19-րդ դարում օպերային կոմպոզիտորները օգտագործել են լամենտոյի տարրերը՝ ընդգծելու վշտի ինտոնացիան[4]։ 20-րդ դարում Ռոդիոն Շչեդրինը «Լամենտո» անվանումն է տվել իր «Լենինը ժողովրդի սրտում է» (ռուս.՝ «Ленин в сердце народном») օրատորիայի երկու մասերին (առաջին և երրորդ), որը կրում է ողբի բնույթ[8]։

«Լամենտո» տերմինը կիրառվել է նաև գործիքային երաժշտության վերաբերյալ։ Այս իմաստով այն հոմանիշ է ֆրանսիական «tombeau» (գործիքային պիես՝ նվիրված մահացածի հիշատակին, լատ.՝ «տապանաքար») և «plainte» (լատ.՝ «բողոք») բառերին[1][6]։ Եզրույթը հանդիպում է նաև արևմտաեվրոպ. երաժշտության մեջ, որտեղ ունի նույն իմաստը, ինչ ֆրանս. «tombeau» (գործիք. պիես՝ մահացածի հիշատակին) անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Музыкальная энциклопедия, 1976
  2. 2,0 2,1 2,2 Randel, 1999, էջ 363
  3. Ellen Rosand. «Lamento (It.: 'lament')». Grove Music Online. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Театральная энциклопедия, 1964, стб. 385
  5. 5,0 5,1 Холопова, 2014, էջ 220
  6. 6,0 6,1 6,2 «Ламенто». Большая российская энциклопедия.(չաշխատող հղում)
  7. Лобанова, 2013, էջ 259
  8. Данилевич Л. «Ленин в сердце народном» // Советская музыка. — 1970. — № 1. — С. 2—5.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել