Իրաք-սիրիական սահման, պետական սահման, որն իրարից բաժանում է Սիրիայի Արաբական Հանրապետությունը և Իրաքի Հանրապետությունը։ Երկու երկրներն իրարից բաժանող սահմանագիծը ձգվում է շուրջ 599 կիլոմետր (372 մղոն)[1]՝ անցնելով Վերին Միջագետքով և Սիրիական անապատով։ 1920-23 թվականների Պոլ-Նյուքամբի համաձայնագրով սահմանվել է իրաք-սիրիական սահմանագիծը։ Մինչ այդ տեղանքի սահմանները որոշվել էին 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրով։ 1932 թվականին Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի եզրակացության արդյունքում սահմանագիծն ստացել է իր ներկայիս տեսքը[2]։

Նարնջագույն գույնով պատկերված է Սիրիան, իսկ կանաչով՝ Իրաքը։

Սույն սահմանագիծը, մինչև 1958 թվականը, եղել է Սիրիական Հանրապետության (1946-1963 թթ․) և Իրաքի թագավորության, իսկ 1961 թվականից սկսած՝ Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության սահմանագիծը։

Սահմանն անցնում է Վերին Միջագետքով՝ սկսվելով Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանից, որը գտնվում է Տիգրիս գետի հովտում։ Նախկինում գրեթե միանման սահմանագիծն իրարից տարանջատել է Օսմանյան կայսրության Մոսուլի և Դիարբեքիրի վիլայեթները։

Ռաբիա քաղաքի մոտ գտնվող անցակետը հատում է Ալ-Շադդադի-Մոսուլ ճանապարհը։

Սիրիայի Աբու Քամալ և Իրաքի Էլ Քայիմ քաղաքների միջև, Էլ Քայիմ անցակետից դեպի հյուսիս, սահմանը հատում է Եփրատ գետը։

Եփրատ գետից սկսած սահմանն անցնում է Սիրիական անապատով (նախկին Դեր Զորի սանջաք) դեպի Իրաք-Սիրիա-Հորդանան սահմանակետ։ Սահմանն անցնում է Իրաքի Էլ Վալեդ և Սիրիայի Էլ Թանֆ քաղաքների միջով։ Սահմանի երկու կողմերում գտնվում են պաղեստինյան փախստականների ճամբարները, որոնք կրում են, համապատասխանաբար, Էլ Վալեդ և Էլ Թանֆ անվանումները։

[[Սիրիայի քաղաքացիական պատերազմ]|Սիրիայի] և Իրաքի քաղաքացիական պատերազմների ընթացքում սահմանի երկայնքի մեծ մասն անցել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հսկողության տակ, չնայած, որ սահմանի հյուսիսային անցակետերը գտնվում էին քրդական հսկողության տակ, հատկապես Ռոջավայի և Իրաքյան Քուրդիստանի միջև ընկած անցակետերը։ Սեմալկա անցակետը գտնվում է Տիգրիս գետի վրա կառուցված կամրջի վրա, որը կառուցվել է Քուրդիստանի տարածքային կառավարության կողմից՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Անցակետը գտնվում է Սիրիա-Իրաք-Թուրքիա սահմանից 1 կիլոմետր դեպի հարավ՝ Իրաքի Ֆայս Քաբուր քաղաքից դեպի հյուսիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CIA Factbook». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. International Boundary Study, No. 100 – May 15, 1970, Iraq – Syria Boundary Արխիվացված Փետրվար 19, 2021 Wayback Machine: "The boundary as it is today is based on the League of Nations Report of the Commission entrusted by the Council with the study of the Frontier between Syria and Iraq, Geneva, September 10, 1932."

Արտաքին հղումներ խմբագրել