Իտալիայից. Ռիխարդ Շտրաուս
Իտալիայից, op. 16 (գերմ.՝ Aus Italien) - գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի առաջին սիմֆոնիկ պոեմը՝ գրված 1886 թվականին, երիտասարդ կոմպոզիտորի՝ Իտալիայում կատարած ճամփորդության տպավորությամբ[1]։
Ստեղծման պատմությունըԽմբագրել
1886 թվականի ամռանը 22-ամյա Ռիխարդ Շտրաուսը, հետևելով Յոհանես Բրամսի խորհրդին, մեկնել է ճամփորդության Իտալիայում։ Նա եղել է Հռոմում, Բոլոնիայում, Նեապոլում, Սորենտոյում, Սալերնոյում և Կապրի կղզում։ Սիմֆոնիկ պոեմի վրա աշխատանքն սկսել է դեռևս իտալական իր ճամփորդության ընթացքում և ավարտել այդ նույն տարվա սեպտեմբերի 12-ին, Մյունխենում։ Կոմպոզիտորն իր այս ստեղծագործությունը ժանրային առումով բնորոշել է «սիմֆոնիկ ֆանտազիա՝ սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար» և նվիրել է իր ուսուցչին՝ Հանս ֆոն Բյուլովին։ Դա Շտրաուսի միակ ստեղծագործությունն է, որի համար նա հատուկ ծրագիր է պատրաստել։
Սիմֆոնիկ պոեմը գրված է սոլ մաժոր տոնայնությամբ, բաղկացած է չորս մասից.
Auf der Campagna (Կամպանա երկրամասում) - տևողությունը՝ մոտավորապես 8 րոպե 30 վայրկյան
In Roms Ruinen (Հռոմի ավերակներում) - 12 րոպե 20 վայրկյան
Am Strande von Sorrent (Սորենտոյի լողափերին) - 12 րոպե 40 վայրկյան
Neapolitanisches Volksleben. Finale (Նեապոլիտանական ժողովրդական կյանքը։ Եզրափակում) - 8 րոպե 30 վայրկյան
Երաժշտական այս գործի ամբողջական կատարումը տևում է քառասուն րոպեից մի փոքր ավելի։ Առաջին անգամ այն կատարվել է 1887 թվականի մարտի 2-ին, Մյունխենում, արքունական նվագախմբի կողմից, որին ղեկավարել է հենց ինքը՝ երկի հեղինակը։ Իսկ թե ինչպիսին է եղել երաժշտասեր հասարակության արձագանքը՝ այս մասին ժամանակակիցների հաղորդած տեղեկությունները հակասական են։ Համաձայն Շտրաուսի քրոջ՝ Յոհաննայի հուշերի՝ առաջին երեք մասերը ընդունվել են ջերմորեն, արժանացել ծափերի, բայց վերջին՝ չորրորդ մասը հավանություն չի գտել, դահլիճի տարբեր մասերից հնչել են սուլոցներ։ Այնինչ՝ կոմպոզիտորի կենսագրությունը ներկայացնող իր գրքում Նորման դել Մարը հակառակ պատկերն է տալիս. ըստ նրա՝ ստեղծագործության առաջին երեք մասերը ընդունվել են սառնությամբ, բայց եզրափակիչ մասը արժանացել է բուռն ծափերի, հավանություն, հիացմունք արտահայտող գոչյունների։ Ստեղծագործության հեղինակն ինքը անձամբ «Aus Italien»-ը համարել է նոր, հեղափոխական գործ ու միշտ գոհունակությամբ է արտահայտվել իր այս երկի մասին։ Եվ դա՝ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ վերջին մասում նեապոլիտանական լայնորեն տարածված «Funiculi, Funucula» երգի թեման օգտագործած լինելու պատճառով դատական տհաճ պատմության մեջ է ընկել։ Բանն այն է, որ Շտրաուսը կարծել է, թե այդ մեղեդին ժողովրդական ստեղծագործություն է, այնինչ հայտնվել է դրա հեղինակը՝ Լուիջի Դենցան, դատի տվել ու շահել դատը։
ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ
Փողային փայտե գործիքներ
ֆլեյտա-պիկոլո, 2 ֆլեյտա, 2 հոբոյ, անգլիական եղջերափող, 2 կլարնետ՝ սի-բեմոլ շարքում, 2 ֆագոտ, կոնտրաֆագոտ
Պղնձե փողային գործիքներ
4 վալտորն ֆա շարքում, 2 փող՝ դո շարքում, 3 տրոմբոն
Հարվածային գործիքներ
լիտավրեր, փոքր թմբուկ, տամբուրին, ծնծղաներ, եռանկյունի
Լարային գործիքներ
ջութակներ, ալտեր, թավջութակներ, կանտրաբասեր, տավիղներ
ՍկավառակագրությունԽմբագրել
Ներկայացված են ստեղծագործության միայն ամբողջական կատարումները. դիրիժորը, նվագախումբը, ձայնագրման տարեթիվը։
Artur Rother Symphony Orchestra of Radio Berlin 1949
Clemens Krauss Vienna Philharmonic Orchestra 1953
Henry Swoboda Vienna Symphony Orchestra 1953
Otakar Trhlík Ostrava State Philharmonic Orchestra (Janáček Philharmonie) 1971
Rudolf Kempe Staatskapelle Dresden 1974
Neeme Järvi Scottish National Orchestra 1988
Vladimir Ashkenazy Cleveland Orchestra 1989
Riccardo Muti Berliner Philharmoniker 1989
Zdeněk Košler Slovak Philharmonic Orchestra 1990
David Zinman Tonhalle Orchestra, Zurich 2000
Fabio Luisi Staatskapelle Dresden 2008
1985 թվականին ձայնագրվել է նաև «Aus Italien»-ի՝ երկու դաշնամուրով կատարման տարբերակը (դաշնակահարներ՝ Բեգոնիա-Ուրիարտե Մրոնգովիուս և Կարլ-Հերման Մրոնգովիուս)։
ԳրականությունԽմբագրել
Del Mar, Norman. Richard Strauss, A Critical Commentary on His Life and Works, vol. 1. London, 1962. (անգլ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- Իտալիայից. Ռիխարդ Շտրաուս(անգլ.) Allmusic կայքում