Ինտերվալ (ձայնագիտություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինտերվալ (այլ կիրառումներ)

Ինտերվալ (լատ. intervallum - միջոց, տարածություն), ձայնագիտության առումով՝ երկու հնչյունի բարձրությունների հարաբերակցությունը, որ բնութագրվում է նրանց տատանումների հաճախականությունների հարաբերությամբ (ինտերվալային գործակից)։ Երաժշտության մեջ՝ հնչյունաշարի որևէ երկու աստիճանի հարաբերակցությունը. բնութագրվում է նրանց միջև ընկած աստիճանների թվով և տոների քանակով։ Ինտերվալը երաժշտության կարևորագույն արտահայտչական տարրն է։ Հաջորդաբար հնչող աստիճանների ինտերվալը մեղեդիական է, միաժամանակ հնչող աստիճանների ինտերվալը՝ հարմոնիկ։ Մեղեդիական ինտերվալի արտահայտության համար որոշիչը հնչյունների (աստիճանների) հեռացվածությունն է և սրանց հաջորդման ուղղությունը (վերընթաց, վարընթաց, նույն հորիզոնի վրա)։

Հարմոնիկ ինտերվալը հանդես է գալիս որպես ինքնուրույն հնչյունային միասնություն (երկհնչյուն) կամ մտնում է ակորդի կազմության մեջ։ Հարմոնիկ ինտերվալի արտահայտչության համար էական է հնչյունների զուգորդման բարդության և նրանց միաձուլվածության մակարդակը։ Ինտերվալների արտահայտչական էությունը լիովին բացահայտվում է երաժշտական կոնտեքստում, երբ նրանք հանդես են գալիս լադի որոշակի աստիճանների միջև, մետրա-ռիթմական և այլ որոշակի պայմաններում։ Ինտերվալներն անվանում են լատիներեն դասական թվականներով, ավելացնելով տոների քանակը նշող՝ մաքուր, մեծ, փոքր և այլ բացահայտիչներ։ Օգտագործելով քրոմատիկ հնչյունաշարի աստիճանները՝ դիատոնիկ ինտերվալից ստանում են քրոմատիկ (կամ՝ ձևափոխված) ինտերվալ, որում պահպանվում է համապատասխան դիատոնիկ ինտերվալի աստիճանային կազմը, բայց փոխվում է տոների քանակը և ինտերվալի արտահայտչական բնույթը։

Ամեն մի քրոմատիկ ինտերվալ էնհարմոնիկորեն հավասար է որևէ դիատոնիկ ինտերվալի։ Անհավասարաչափ տեմպերացված համակարգերում ինտերվալներն ունենում են 12 աստիճանանոց հավասարաչափ տեմպերացված հնչյունաշարի նույնանուն ինտերվալներից նրանց զանազանող երկրորդային հատկանիշներ, որոնք նրանց լրացուցիչ արտահայտչական երանգ են տալիս։ Այդպես է հայ ժողովրդական երաժշտության հնչյունաշարում, որտեղ, օրինակ, մեծ սեկունդաներն ունեն նաև իրենց նեղ (մեղեդիական առումով՝ փափուկ հնչող), իսկ փոքր սեկունդաները՝ իրենց լայն (մեղեդիական առումով՝ կոշտ հնչող) տարատեսակները։ Ինտերվալների տեսությունը կազմում է ձայնագիտության հիմնական բաժիններից մեկը, իսկ երաժշտագիտության մեջ հիմք է ծառայում լադի, մելոդիկայի, հարմոնիայի և պոլիֆոնիայի ուսմունքների համար։

Երբ հնչյունները հնչում են իրար հետևից՝ հաջորդաբար, կոչվում է մելոդիկ։ Երբ հնչում են միաժամանակ, կոչվում է հարմոնիկ։ Ինտերվալի ներքևի հնչյունը կոչվում է հիմք, վերևի հնչյունը՝ գագաթ։ Երկու հնչյունների միջև եղած աստիճանների քանակով որոշվում է ինտերվալի անունը, իսկ տոների քանակով՝ տեսակը։ Ինտերվալները լինում են՝ մեծ, փոքր, մեծացրած, փոքրացրած և մաքուր։

Ինտերվալի անունը Տեսակը Տոները
Պրիմա մաքուր 0
Սեկունդա մեծ 1
Սեկունդա փոքր 0,5
Տերցիա մեծ 2
Տերցիա փոքր 1,5
Կվարտա մաքուր 2,5
Կվարտա մեծացրած 3
Կվինտա մաքուր 3,5
Կվինտա փոքրացրած 3
Սեքստա մեծ 4,5
Սեքստա փոքր 4
Սեպտիմա մեծ 5,5
Սեպտիմա փոքր 5
Օկտավա մաքուր 6

Աղբյուրներ խմբագրել

  • Երաժշտության տարրական տեսության դասագիրք
  • Фридкин Г. Практическое руководство по музыкальной грамоте. — М.։ Музгиз, 1962
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 357