Ինդիկատոր բույսեր, ցուցիչ բույսեր, որոնց աճն ու զարգացումը խստորեն կապված է էկոլոգիական որոշակի պայմանների որակական ու քանակական փոխհարաբերությունից։ Բույսերի ինդիկատոր կարող են լինել առանձին տեսակներ, ներտեսակային միավորներ, անոմալ ձևեր, որոնք օրինաչափորեն և մշտապես առաջանում են տվյալ պայմաններում։ Հայաստանի կիսաանապատային գոտում։ Գյուղատնտեսության աշխատողներին հայտնի է, որ հոտավետ օշինդրի առկայությունը տվյալ վայրում հողի բավարար բերրիության վկայություն է։ Մարգագետինների ճահճացման ապացույց է բոշխի տարածումը, որը լավ է արտահայտված Ագրիջայում։ Աղասեր բույսերից զեյդլիցիայի առկայությունը վկայում է տվյալ վայրի թույլ աղոտ լինելու մասին, որը համեմատաբար հեշտությամբ է յուրացվում։ Մինչդեռ աղահասկիկը, կարմրանը, սարսազանը և կալիախոտը ապացույց են հողի բարձր աղայնության։ Բույսերի ինդիկատոր օգտագործվում են նաև երկրաբանության մեջ։ Մի շարք օգտակար հանածոներ իրենց դրոշմն են դնում բույսերի ծաղկի կամ տերևների արտաքին ձևափոխման վրա։ Օրինակ, ցինկի առկայությունը ծաղկին տալիս է կիտրոնադեղնավուն երանգ, բորը տերևները դարձնում է մուգ կանաչ։ Հանքերում քիմիական որևէ տարրի մեծ քանակությոնը փոխում է բույսի արտաքին տեսքը, արտակարգ աճում են (գիգանտիզմ) կամ հակառակը՝ գաճաճ են դառնում։ Նման ձևերի կարելի է հանդիպել Կապանի պղնձի հանքերում։ Պրոֆեսոր Դ.Պ. Մալյուգայի սովորական կակաչի անոմալ ձևերի ուսումնասիրությամբ Քաջարանում (1958 թ.) հայտնաբերվեց պղինձ-մոլիբդենային նոր հանքավայր։ Ինդիկատորային հատկանիշ է նաև որոշ տարածքևերի բուսականությունից զուրկ լինելը, որը հաճախ ռադիոակտիվ ուրանի կամ որևէ այլ նյութի առկայության արգասիք է։ Վայրի բույսերի ցուցչային հատկությունները կիրառվում են գյուղատնտեսության կուլտուրաների շրջանացման, խամ ու խոպան հողերի յուրացման, անտառապատման նպատակով։ Բույսերի ինդիկատորի կամ համակեցությունների հարցերով զբաղվում է ինդիկացիոն գեոբոստանիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334