Իմերեթի թագավորություն
Իմերեթական թագավորական (հայ մատենագրության մեջ՝ Բաշիաչուխ), ուշ միջնադարի վրացական ֆեոդալական քաղաքական միվորում։ Առաջացել է 15-րդ դարի վերջին։ Մայրաքաղաքն էր Քութայիսը։ Հիմնական բնակիչները իմերեթներն էին։ Իմերեթական թագավորության ֆեոդալական միապետություն էր։ Սկզբնական շրջանում ընդգրկում էր Արևմտյան Վրաստանի ամբողջ տերիտորիան, հետագայում սահմանափակվեց նրա արևելյան հատվածով։ 16-րդ դարի սկզբից Իմերեթական թագավորության վասալական կախման մեջ ընկավ Օսմանյան Թուրքիայից։ Երկիրը տնտեսական և քաղաքական ծանր վիճակի հասցրին միջֆեոդալական երկպառակությունները։ Տարածվեց գերեվաճառությունը։ Անկում ապրեց մշակույթը։ Ալեքսանդր III թագավորը (1639-1660 թվականներ) թուրքական կախումից ազատվելու համար օգնություն խնդրեց Ռուսաստանից և հավատարմության ուխտ կնքեց ռուսաստանի ցարի հետ (1651 թվականի) սակայն որևէ իրական արդյունքի չհասավ։ Իմերեթական թագավորությունը վերելք ապրեց Սողոմոն I-ի (1752-1784 թվականներին) օրոք, որն ամրապնդեց թագավորական իշխանությունը, Խրեսիլի ճակատամարտում (1757 թվական) հաղթեց թուրքերին, հակաթուրքական ռազմական դաշինք կնքեց (1758 թվական) Քարթլի-Կախեթիր թագավոր Հերակլ II-ի հետ։ 1774 թվականին Քյուչուկ-Կայնարջիի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով վավերացվեցին այդ հաջողությունները։ Սողոմոն I 1784 թվականին ձեռնամուխ եղավ նաև Գուրիայի ազատագրմանը, սակայն պարտություն կրեց։ 1804 թվականին Սողոմոն II ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը և դարձավ ինքնավար կառավարիչ, սակայն 1811 թվականին Իմերեթական թագավորությունը վերածվեց Ռուսական կայսրության Իմերեթիայի մարզի, իսկ հետագայում կազմեց Քութայիսի նահանգի մի մասը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Banner_of_the_Kingdom_of_Imereti.svg/220px-Banner_of_the_Kingdom_of_Imereti.svg.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 325)։ ![]() |